ԱՍՀ նախարարի տեղակալ Տ․Ստեփանյանը Ժնևում մասնակցել է նիստի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի իրականացումը մշտադիտարկող կոմիտեի 82-րդ նիստին։
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը հանդես է եկել ելույթով, որի շրջանակում ներկայացրել է հավասար հնարավորությունների ապահովման, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, գենդերային հավասարության ապահովման և մի շարք այլ ոլորտներում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունը։ Անդրադառնալով սահմանված գերակայություններին և նախատեսվող աշխատանքներին՝ Տաթևիկ Ստեփանյանը խոսել է խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական և հետևողական քայլերի իրականացման կարևորության մասին։
Մանրամասնելով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվող միջոցառումները՝ բանախոսը նշել է, որ օրենսդրական բարեփոխումների հիմքում երեխայի լավագույն շահի սկզբունքի ապահովումն է։ Այս համատեքստում ընդգծվել է նաև երեխայի ձայնը լսելի դարձնելու իրավունքի իրացման, Բարնահուսի մոդելի ներդրման և խնամքի հաստատություններում բնակվող երեխաներին տրամադրվող ծառայությունների ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։