Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է․ Զաքարյանն մասնակցել է Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում խոշոր ցուցահանդեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ապրիլի 18-ին մասնակցել է Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում խոշոր ցուցահանդեսին, որը ՀՀ-ում կազմակերպվում է երրորդ անգամ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է լիզինգ ֆինանսական գործիքի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այդ գործիքի ավելի հասկանալի և կիրառելի դարձնելը բիզնեսի համար՝ ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտների առաջատար մատակարարներին։
Leasing EXPO 2025 ցուցահանդեսին ներկայացված են՝ շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, բեռնատարներ, արտադրական սարքավորումներ, սառնարանային և ջերմոցային տնտեսություն, ֆինանսաբանկային կառույցներ:
«Էկոնոմիկայի նախարարությունը աջակցության ծրագրեր իրականացնելիս առաջնորդվում է դրանց արդյունավետությամբ։ Լիզինգի ծրագրերի բազմաթիվ հայտերն ու շահառուների քանակը վկայում է այն մասին, որ այս ծրագրերն ունեն մեծ պահանջարկ և այս գործիքների կիրառումն արդյունավետ է», - նշել է նախարարի տեղակալը։
Էդգար Զաքարյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին և սարքավորումներին։
Ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ լիզինգի պետական օժանդակության գործիքակազմով։