ՀՀ կառավարության հարկաբյուջետային քաղաքականության թիրախը
ՀՀ կառավարությունը որպես իր հարկաբյուջետային քաղաքականության հիմնական թիրախ սահմանել է տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների ամրապնդումն ու զարգացումը: Սա արտացոլվում է իրականացվող կապիտալ ծախսերի դինամիկայում, որոնք վերջին տարիներին շարունակաբար բարելավվել են, տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ այս դրական դինամիկան ուղղակիորեն կապված է մեր երկրի պետական բյուջեի հնարավորությունների շրջանակի հետ, որն ընդլայնվում է մեր բոլորի կողմից վճարվող հարկերի շնորհիվ: Այսպես, եթե 2018-2019 թվականներին կապիտալ ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը ընդամենը 2․5-3%-ի շրջանակներում էր, ապա 2024 թվականին իրականացված հարկաբյուջետային քաղաքականության, ինչպես նաև հարկերի տեսքով կատարած մեր ներդրումների շնորհիվ այն, շարունակաբար աճելով, հասել է ՀՆԱ 5․5%-ին։
«Կապիտալ ծախսերի նման մակարդակը բարձր է ոչ միայն Հայաստանի պատմական ցուցանիշների համատեքստում, այլև միջազգային համեմատության մեջ՝ մոտ լինելով բարձր աճի փուլում Ասիական առանձին երկրների ցուցանիշներին»,-հայտնում է նախարարությունը։