Վատիկանում մայիսի 11-ին կմեկնարկի Հռոմի պապի ընտրությունը
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահը ապրիլի 21-ին նշանավորեց սուգի ժամանակաշրջանի սկիզբը, որին կհետևի դարավոր ավանդույթ՝ հաջորդ պապի ընտրության գործընթացը։
Կարդինալ Քևին Ֆարելը հայտարարեց պապի մահվան մասին Վատիկանի կողմից տարածված հայտարարության մեջ՝ երկուշաբթի վաղ առավոտյան։
«Այսօր առավոտյան ժամը 7:35-ին Հռոմի եպիսկոպոս Ֆրանցիսկոսը վերադարձավ Հոր տուն։ Նրա ողջ կյանքը նվիրված էր Տիրոջն ու Նրա Եկեղեցուն ծառայելուն,» — ասաց Ֆարելը։ «Նա մեզ սովորեցրեց ապրել Ավետարանի արժեքներով՝ հավատարիմ, քաջ և համընդհանուր սիրով, հատկապես՝ աղքատների և մերժվածների օգտին»։
Ֆրանցիսկոսի մարմինը երեք օր կմնա Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ հավատացյալները կկարողանան վերջին հարգանքի տուրքը մատուցել: Նախատեսվում է, որ քահանայապետին կհուղարկավորեն ոչ թե Սուրբ Պետրոսի տաճարում, այլ Սանտա Մարիա Մաջիորեում՝ ըստ նրա վերջին կամքի:
Ֆրանցիսկոս Պապի մահվանից հետո առաջիկա օրերին նախատեսվում է մի շարք ծիսակարգեր, որոնցից ոմանք հազարավոր տարիներ հնություն ունեն և օգտագործվել են ավելի քան 250 պապերի թաղման ժամանակ, հաղորդում է NBC News-ը։
Երբ Ֆրանցիսկոս Պապը թաղվի՝ հուղարկավորության սուրբ պատարագից հետո, որն ավանդաբար տեղի է ունենում պապի մահից հետո չորրորդից վեցերորդ օրվա ընթացքում, կսկսվի պապական կոնկլավը։
Պապական կոնկլավը, այսինքն՝ նոր պապի ընտրության գործընթացը, դարեր շարունակ պատված է գաղտնիությամբ։ Այն սկսվում է, երբ մինչև 80 տարեկան կարդինալները ժամանում են Վատիկանի տարածք՝ պապի մահից 15-ից 20 օր անց։