Ընդունվել է հայտարարագիր լրացնողների հայտարարագրման վերջնաժամկետը մինչեւ նոյեմբերի 1-ը երկարաձգելու մասին նախագիծը
Ազգային ժողովն ապրիլի 22-ին շարունակել է նախորդ օրը գումարված արտահերթ նիստի աշխատանքը եւ երկրորդ ընթերցմամբ քննարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Բաբկեն Թունյանի տեղեկացմամբ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել: Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների փոփոխություն կատարել:
«Նախագծի ընդունման արդյունքում բոլոր այն քաղաքացիները, որոնք այս տարի լրացնելու են հայտարարագիր՝ նախորդ տարվա եկամուտների համար, նրանց համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Այսինքն՝ կապ չունի՝ մարդը առաջին, թե երկրորդ անգամ է լրացնում հայտարարագիր. նրանց բոլորի համար վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը: Նույն կերպ, ովքեր հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի՝ այս տարվա եկամուտների համար, նրանց համար նույնպես վերջնաժամկետ դառնում է նոյեմբերի 1-ը: Սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը: Ընդհանրապես, դրանից հետո հայտարարագրերի ներկայացման ժամկետ դառնում է մարտի 2-ից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածը»,- ասել է Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ գործող կարգավորմամբ հայտարարագրերն այժմ կարելի է ներկայացնել սկսած հունվարի 1-ից: Նախագծի հեղինակը պարզաբանել է, որ մարտի 2-ն ընտրվել է, քանի որ կան տեղեկություններ, որոնք հարկային մարմնին հասանելի են դառնում մարտի 1-ից հետո: Այսինքն՝ եթե, օրինակ, որեւէ ֆիզիկական անձ որեւէ գույք է օտարել իրավաբանական անձի, եւ այդտեղ եկամտահարկ է գեներացվել, այդ իրավաբանական անձն այդ տեղեկությունը ՊԵԿ-ին կարող է փոխանցել մինչեւ մարտի 1-ը»,- մանրամասնել է Բաբկեն Թունյանը: Նա պարզաբանել է, որ մարտի 1-ից հետո ՊԵԿ-ն ունենում է այդ տեղեկությունը եւ կարող է քաղաքացու հայտարարագրում ինքնաշխատ կերպով լրացնել այդ բոլոր փոփոխությունները: «Այսինքն՝ քաղաքացուն ավելի քիչ անելիք կմնա»,- ասել է նա:
Բաբկեն Թունյանը չի բացառել, որ առաջիկայում եւս մեկ փոփոխություն կարող է իրականացվել օրենքում՝ մինչեւ տարեվերջ շտկելու համար տարընթերցումների տեղիք տվող դրույթները, ավելի պարզեցնելու կարգավորումները եւ որոշակի լուծումներ առաջարկելու նաեւ կենսաթոշակառուների մասով: Նա գործընկերներին հորդորել է ակտիվ մասնակցել աշխատանքներին՝ ներկայացնելով կառուցողական առաջարկներ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Բագրատյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո Կառավարությունը ներկայացրել է երկու առաջարկ, որոնք հեղինակն ընդունել է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:
Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է օրենքի նախագիծը: Կողմ է քվեարկել 60, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 29 պատգամավոր: