Տեղի է ունեցել հանդիպում Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի հետ
Եվրոպայի խորհրդի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) չորրորդ փուլի գնահատման շրջանակում Հայաստան կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են ԱՍՀ նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը և Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ` Միասնական սոցիալական ծառայությունից, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտից։
Քննարկման ընթացքում ներկայացվել են թրաֆիքինգի կանխարգելման, զոհերի պաշտպանության և աջակցության ոլորտում ՀՀ կողմից իրականացվող քաղաքականությունները, ընթացիկ ծրագրերն ու առաջնահերթությունները։
Իր ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է թրաֆիքինգի կանխարգելման ուղղությամբ տարվող պետական ջանքերը և զոհերի աջակցման ծրագրերը՝ ընդգծելով, որ պետությունը շարունակում է ներդնել անհրաժեշտ միջոցներ՝ ընդլայնելու և բարելավելու թրաֆիքինգի ենթարկված անձանց աջակցության ու պաշտպանության համակարգը։