Գլխավոր դատախազ. Մարդը բանկում մերժվում է, բայց նրա տվյալներով օնլայն 6 անգամ շատ վարկ են ստանում
Կան ուժեղ անվտանգության համակարգեր ունեցող բանկեր, կան նաև այնպիսիք, որոնք չունեն։ Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն անդրադարձել է ֆիշինգի աճող ցուցանիշներին և քաղաքացիներից ստացված բազմաթիվ բողոքներին։
Վարդապետյանի խոսքով՝ այս տարի արդեն միջնորդագիր է ուղարկվել ՀՀ Կենտրոնական բանկ՝ խնդրելով համապատասխան կառույցի, օրինակ՝ Բանկերի միության միջոցով քննարկում ունենալ կոնկրետ բանկերի հետ, որոնք անվտանգության համապատասխան համակարգ չունեն։
«Որոշ բանկերում մեզ համար շատ անհասկանալի ալգորիթմեր էին դրված բանկերի՝ օնլայն սպասարկման տիրույթում։ Անձը ֆիզիկապես գնում է բանկ, իրեն մերժում են վարկ տրամադրել, դիցուք, կես միլիոն դրամ, բայց օնլայն 3 միլիոն դրամ վարկ է ստանում։ Այստեղ մեզ համար կարմիր լույս վառվեց, որ ալգորիթմը, որը դրված է օնլայն բանկինգի հիմքում, շատ ցածր պաշտպանության շեմ ունի»,- նշեց Վարդապետյանը։
Նրա խոսքով՝ առանձնացվել են այն բանկերը, որոնք ամենահաճախն են հանդիպում ֆիշինգին առնչվող պատմություններում անվտանգության ոչ բավարար ուժեղ համակարգերի պատճառով: ԿԲ, բանկային համակարգի հետ պայմանավորվածություն կա համատեղ լուծել այդ հարցը:
Նրա խոսքով՝ թեպետ դեպքեր կան, երբ մարդիկ ինքնակամ են իրենց տվյալները տրամադրել հանցագործներին (չկասկածելով, որ ստացված զանգը բանկից չէ), միևնույն է՝ վերջնական գործառնությունները բանկի միջոցով են տեղի ունենում։ Նրա կարծիքով՝ եթե բանկն ունի անվտանգության մի քիչ ավելի պաշտպանված համակարգ, կարողանում է դա կանխել։
«Կան բանկեր, որտեղ ավելի քիչ են ֆիշինգի դեպքերն ավելի քիչ են, որովհետև ունեն աշխատակիցներ, որոնք զանգով են տեղեկացնում, ծանուցումները հայերենով են, ավելի խիստ համակարգեր ունեն։ Կարող է՝ մի քիչ ավելի շատ անհարմարություններ է պատճառում դա բանկից օգտվողին, բայց ապահովում է նման զեղծարարությունների զոհ չդառնալը։ Կան բանկեր, որոնք լոյալ են և որոշակի հետագիծ չեն ապահովում․ մենք այդ առումով ահազանգ ենք խփել, և ասել ենք՝ այստեղ աշխատանք պետք է արվի, փոխվի ձևաչափը»,- նշեց նա։