Դեսպան Մկրտչյանն ու Կալամատայի քաղաքապետը քննարկել են փոխշահավետ տնտեսական համագործակցության հնարավորությունները
Հարավային Հունաստանի Կալամատա քաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Կալամատայի քաղաքապետ Աթանասիոս Վասիլոպուլոսի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:
Դեսպան Մկրտչյանը առաջարկել է զարգացնել ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստանի հետ ոչ միայն միջքաղաքային կամ միջմարզային շփումների մակարդակում, այլև դա համատեղել տնտեսական գրավչություն ներկայացնող ծրագրերի իրականացմամբ։ Որպես օրինակ քննարկվել են մասնավորապես երկու ուղղություններով` դեպի Հայաստան և Հայաստանից հարավային Հունաստան զբոսաշրջության և Կալամատայում առավել զարգացած գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանման և փոխշահավետ տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում Տիգրան Մկրտչյանը հրավիրել է Աթանասիոս Վասիլոպուլոսին իրեն հարմար ժամանակահատվածում Կալամատայի բիզնես պատվիրակության հետ այցելել Հայաստան և տեղում քննարկել շոշափելի համագործակցության ծրագրեր։
Կալամատայի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դեսպանին այցելության համար և պատասխանել է, որ հետաքրքրված է նման այցելություն կազմակերպելու գաղափարով։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Հունաստանի հայ համայնքի հետ ունի սերտ հարաբերություններ, այդ թվում և Կալամատայում բնակություն հաստատած հայ համայնքի ներկայացուցիչների հետ։