Մեկնարկում է ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը.

Մեկնարկում է 2025 թ. տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխությունը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է 19-րդ անգամ։

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցանակաբաշխությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ ՏՏ բնագավառում լավագույն աշակերտներին ճանաչելու և խրախուսելու նպատակով: 

Մրցանակաբաշխությունը կանցկացվի երկու փուլով. առաջին փուլում առցանց թեստային համակարգի միջոցով կորոշվեն եզրափակչ փուլի մասնակիցները, իսկ եզրափակիչ փուլում հաղթողները կորոշվեն բանավոր հարցազրույցի արդյունքում, որը մասնակիցների հետ կանցկացնեն մրցութային հանձնաժողովի անդամները:

Առաջին փուլը կանցկացվի մայիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Մասնակցության հայտերը ներկայացվում են առցանց հղմամբ՝ նշելով անուն, ազգանուն, դպրոց և այլն:

Մասնակիցների գրանցումը կատարվում է թեստային հարցման արդյունքների հիման վրա: Թեստային հարցման ընթացքում կտրվի 50 հարց, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 2 միավոր։ Գրանցման և թեստային հարցման համար նախատեսված ընդհանուր ժամանակը 1 ժամ 30 րոպե է: 45-ից ավելի միավոր հավաքած աշակերտները կդառնան եզրափակչ փուլի մասնակից, ինչի վերաբերյալ թեստավորման համակարգի կողմից կստանան հավաստող տեղեկատվություն։

Հաղթողները հանդիսավոր պայմաններում կստանան խորհրդանշական արձանիկ-մրցանակ, դիպլոմ և դրամական պարգև։

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք գրել ruzannag@synopsys.com էլեկտրոնային փոստին կամ զանգահարել 010492333 հեռախոսահամարով: