2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները դուրս կգան շրջանառությունից

 ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։   
 2017 թ. հուլիսի 11-ին ԿԲ մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները և երկրորդ սերնդի թղթադրամներն արդեն ունենան դրամաշրջանառության համար ոչ պիտանի ֆիզիկական մաշվածություն:
 Ներկայումս 2-րդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածն ունի բարձր ֆիզիկական մաշվածություն, և շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10.000 դրամ և 20.000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են 3-րդ սերնդի թղթադրամները (Պարույր Սևակի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի, Հովհաննես Այվազովսկու դիմապատկերներով), իսկ 1999 թվականի թողարկման 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով) շրջանառության մեջ հիմնականում փոխարինվել են մետաղադրամներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել նշված 2-րդ սերնդի թղթադրամները դուրս բերել շրջանառությունից։ 
2025 թվականի մարտի 1-ի դրությամբ շրջանառության մեջ գտնվող 2-րդ և 3-րդ սերնդի թղթադրամների հարաբերակցությունը
​Անվանական արժեքը ​Շրջանառության մեջ գտնվող 3-րդ սերնդի թղթադրամների տեսակարար կշիռը ( %) Շրջանառության մեջ գտնվող 2-րդ սերնդի թղթադրամների տեսակարար կշիռը ( %)​​
​1000 դրամ  ​84 ​16
​5000 դրամ  ​84 ​16
​10.000 դրամ  ​82 ​18
​20.000 դրամ ​ ​93 7​​
Հաջորդող 12 ամիսների ընթացքում նշված անվանական արժեքների համար շրջանառության մեջ գտնվող 2-րդ սերնդի թղթադրամների տեսակարար կշիռն ավելի կնվազի՝ մոտենալով 3-4%-ի սահմաններին։ 
Նշված որոշման համաձայն՝ շրջանառությունից կհանվեն 2-րդ սերնդի հետևյալ ՀՀ թղթադրամները.
  • 1999 թվականի թողարկման 500 դրամ (Ալեքսանդր Թամանյանի դիմապատկերով)
  • 1999, 2001, 2011, 2015 թվականների թողարկման 1000 դրամ (Եղիշե Չարենցի դիմապատկերով)
  • 1999, 2003, 2009, 2012  թվականների թողարկման 5000 դրամ (Հովհաննես Թումանյանի դիմապատկերով)
  • 2003, 2006, 2008, 2012 թվականների թողարկման 10000 դրամ (Ավետիք Իսահակյանի դիմապատկերով)
  • 1999, 2007, 2009, 2012 թվականների թողարկման 20000 դրամ (Մարտիրոս Սարյանի դիմապատկերով)
 Մինչև 2026 թ. ապրիլի 15-ը նշված թղթադրամները կհամարվեն օրինական վճարամիջոց, իսկ 2026 թ. ապրիլի 15-ից հետո քաղաքացիներն իրենց մոտ մնացած բոլոր «հին» թողարկման թղթադրամներն, առանց սահմանափակումների, կարող են անվճար փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում: