Ի՞նչ անեն մի քանի հազար ուսանող, որոնք հայտնվում են «Ֆիզիկայի» խաչմերուկում
Պռոշյանի եւ Քասախի բնակիչների հետ հանդիպման ավարտից հետո երեկ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ անեն մի քանի հազար ուսանող, որոնք հայտնվում են «Ֆիզիկայի» խաչմերուկում :
«Կա հստակ ուղեւորահոսք, ուղեւորահոսքի փոփոխություն տեղի չի ունենում: Այսինքն՝ եթե դա իրականացվում է մարզային տրանսպորտի կողմից, բերվում է «Ֆիզիկայի» խաչմերուկ: «Ֆիզիկայի» խաչմերուկում տեղի է ունենում ուղևորահոսքի տեղաբաշխում: Այդտեղից հոսքերի վերաբաշխման տեսանկյունից դա ավելի դրական ազդեցություն է ունենում տրանսպորտային ծանրաբեռնվածության վրա»,- ասաց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ Պռոշյանի բնակիչները պայքարում են 25 համարի, Քասախի բնակիչները 59 համարի ավտոբուսի երթուղու կրճատման եւ նոր՝ ավելի թանկ երթուղի մտցնելու դեմ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը՝ 250 եւ 200 դրամ արժեքով, եւ այս պարագայում տրանսպորտը հասնելու է մինչեւ Ֆիզիկայի ինստիտուտ, իսկ Երեւանից դեպի Պռոշյան եկող երթուղին ՊՆ նախկին շենքի մոտից շրջադարձ է կատարելու ու վերադառնա Երեւան:
Բացի դրանից, վերջին տրանսպորտը քաղաքից շարժվելու է 19:30-ին։ Բնակիչները դժգոհ են, որ բացի թանկացումը, մեծ դժվարությամբ աշխատանքի հասնելուն զուգահեռ՝ եւս մեկ խնդիր է լինելու երեկոյան ժամերին տուն հասնելը: