Մի շարք ՀԿ-ներ դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Լիդիան Արմենիա»-ին բյուջետային երաշխիք տրամադրելու կառավարության որոշումը
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Կանաչ Հայաստան» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև Ամուլսարի հանքի հարակից համայնքների և Հայաստանի տարբեր բնակավայրերի մի խումբ քաղաքացիներ 2025 թվականի ապրիլի 28-ին դիմել են Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել բյուջետային երաշխիք տրամադրելու մասին ՀՀ կառավարության 27.02.2025թ․ թիվ 220-Ա որոշումը, որով «Լիդիան Արմենիա» ընկերությանը նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջետային երաշխիք։ Դատարանում հայցվորների լիազորված ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբան Գենյա Պետրոսյանը։
Վիճարկվող որոշմամբ կառավարությունը նախատեսում է երաշխավորել «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ մինչև 150 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցների ներգրավումը բանկերից՝ Ամուլսարի հանքի շահագործման նպատակով։ Հայցվորների կարծիքով՝ այս որոշումը խախտում է ՀՀ օրենսդրության մի շարք դրույթներ, մասնավորապես՝
- Որպես բյուջետային երաշխիքի վճարումից ծագող հետադարձ պահանջի ապահովման միջոց սահմանվել է հաջորդական գրավը, որը չի երաշխավորում պետական միջոցների վերադարձը և չի համապատասխանում բյուջետային օրենսդրության պահանջներին։
- Որոշման ընդունման պահին բացակայում էր ընկերության ակտիվների շուկայական արժեքի գնահատումը, ինչն անհրաժեշտ էր օրենքով նախատեսված սահմանաչափի պահպանման պահանջը ապահովելու համար, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը հետագայում ներկայացնելու ընթացակարգ սահմանելու լիազորություն Կառավարությանը վերապահված չէ։
- Օգտագործված ֆինանսական տվյալները մեկ տարվա հնություն ունեն և չեն բավարարում ընկերության վճարունակության արդի գնահատման պահանջին։
- Ֆինանսների նախարարության դրական եզրակացությունը բացակայում է, ինչը պարտադիր նախապայման է բյուջետային երաշխիք տրամադրելու համար։
- Վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով արդեն իսկ անվավեր են ճանաչվել «Լիդիան Արմենիա»-ին ընդերքի տեղամասի ընդլայնման և թույլտվության ժամկետի փոփոխության վերաբերյալ վարչական ակտերը ։
Անկախ փորձագետների, այդ թվում՝ «Էլարդ» ընկերության գնահատմամբ, ծրագրի իրագործումը պարունակում է լուրջ բնապահպանական ռիսկեր, ներառյալ՝ ջրային ռեսուրսների պոտենցիալ աղտոտում, ծանր մետաղների, նատրիումի ցիանիդի օգտագործման ռիսկերը գնահատված չլինելու և թթվային դրենաժի սպառնալիքներ։
Հայցը հիմնված է ինչպես քաղաքացիների՝ առողջ և անվտանգ միջավայրում ապրելու, առողջության իրավունքների, այնպես էլ ՀԿ-ների՝ բնապահպանական շահերի պաշտպանության իրավունքի վրա՝ Օրհուսի կոնվենցիային համապատասխան։