tert.am. Տեսուչը գնում ստուգում է այն ժամանակ, երբ դժբшխտ պատահարն արդեն տեղի է ունեցել. ինչ վիճակագրություն է շինհրապարակներում դժբшխտ պատահարներից
2024 թվականին տեսչական մարմնի վարույթներում 79 դեպքով աճել է շինհրապարակներում դժբախտ պատահարների թիվը, որից 22-ը՝ մահվան ելքով, այնինչ 2023 թվականին 46 դեպք էր, որից 11-ն էր մահվան դեպք: Այս մասին օրեր առաջ ասուլիսում հայտնել էր Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի խոսքով՝ աշխատանքային օրենսգրքով աշխատանքի վայրում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտավորությունը դրված է գործատուի վրա: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ՀՀ պարագայում մենք ժամանակակից ու ոչ բոլոր ոլորտներում ունենք առողջ և անվտանգ աշխատանքի պայմանների նորմեր և ստանդարտներ:
«Շատ դեպքերում վնասված են սարքերը, և գործատուն ինքն էլ չգիտի, որ նորմն ինչպես պետք է ապահովի: Համենայնդեպս այսօր դրանով առաջնորդվում են և՛ հանքարդյունաբերության, և՛ շինարարության ոլորտում, որտեղ համապատասխան սարքավումները համեմատաբար որոշ չափով ավելի նորացված են», -ասաց Մանասերյանը:
Նրա խոսքով, այստեղ մենք օրենսդրության բաց ունենք ու հաջորդ խնդիրն այն է, որ եթե գործատուն թերանում է առողջ ու անվտանգ հարաբերությունների հարցում, ապա տեսչական մարմինը չունի լիազորություն ցանկացած ժամանակ, ցանկացած օր մտնելու ցանկացացած կազմակերպություն և պլանային ստուգումներ իրականացնի, երբ արդեն դեպքը լինում է. «Վարույթն իրականացվում է, տեսուչը գնում ստուգում է այնտեղ, տեսնում է՝ ինչ վիճակում է արդեն դժբախտ պատահարից հետո: Բայց դրանցից առաջ չի կարող գնալ ցանկացած ժամանակ, ցանկացած կազմակերպություն, պետք է դա լինի պլանային, կա մի խնդիր, որը մենք ունենք, դա տեսչական մարմնի լիազորությունների սակավության սահմանափակ լինելու հետ է կապված: Ոչ միայն գործատուն, այլև աշխատողներն էլ պետք է իրենց պատասխանատվությունը զգան, որովհետև մենք ունենք նաև այնպիսի կազմակերպություններ, որ ապահովված են առողջ և անվտանգ պայմաններով, բայց օրինակ աշխատողը սաղավարտը չի հագնում, հագուստը չի հագնում պաշտպանիչ պարաններով, թերի է կապում, այսինքն և՛ գործատուի, և՛ աշխատողի պատասխանատվությունն է, իսկ ինչ վերաբերվում է նրան, թե ով է մեղավոր, դուք չեք կարող ասել, թե ով է մեղավոր, քանի որ այն քրեական գործերը, որոնք հարուցվել են, ինչ-որ հանգուցալուծում չի եղել, հարուցված վարույթների շրջանակում որևէ պատասխան դեռ պատրաստ չէ», -նշում է Մանասերյանը:
Նրա խոսքով՝ գործատուի պատասխանատվության շրջանակը որոշվում է օրենսդրությամբ սահմանված կարգով, և քրեական գործով կամ վարույթով. «Դա արդեն կախված է նրանից, թե քննիչն ինչ կպահանջի, կամ դատախազությունն ինչ կպահանջի, ամեն գործ անհատական է, օրինակ նայած նրա, թե ինչ ծանրության է, կամ գործի ընթացքում ինչ հիվանդություն է ձեռք բերել: Դեպքերն առանձնահատուկ են. լինում են դեպքեր, երբ կերակրողին կորցրածին են փոխհատուցում անում: Եթե մարդն էլ մահանում է, միշտ էլ չի, որ գործատուի պատասխանատվությունն ընկնում է մահացողի վրա», -եզրափակեց Մանասերյանը:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի իր ասուլիսում Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը հայտնել էր, որ դժբախտ դեպքերի պարագայում այսօրվա գործող տուգանքներ բավարար չեն։ Օրինակ, շինհրապարակում աշխատանքային պայմանները չեն պահպանվել ու դժբախտ դեպք է գրանցվել։ Պայմանները չպահպանելու համար տուգանքը կազմում է 130 հազար դրամ, ինչը կարծում է, որ բավարար չէ։ Նա նաև նշել էր, որ Տեսչական մարմինը նախաձեռնում է նաև գործընթաց, որ հնարավոր լինի ժամանակավոր կասեցնել տնտեսվարողի գործունեությունը։