Ջրաչափերը կդրվեն բնակարաններից դուրս. Կամո Արեյան

 2025 թվականին ջրամատակարարման ոլորտում մեծածավալ աշխատանքների կիրականացվեն: Այն նախագծերը, որոնք պատվիրել էր «Վեոլիա ջուրը», այժմ պատվիրատուի գործառույթը տեղափոխվել է Ջրային կոմիտե: Ըստ այդմ՝ նախատեսվում է 72 կմ երկարությամբ 8500 բաժանորդի համար նոր ջրագծեր և ջրաչափական հանգույցներ կառուցել: 

«Ընտրված է մասնավոր սեկտորը, և, կարծում եմ՝ ընտրությունը ճիշտ է արված, որովհետև ամենամեծ ջրակորուստը մասնավոր սեկտորում է. ցանցը քայքայված է այստեղ, և ապօրինի ջրամիացումների մեծ ծավալը հենց մասնավոր սեկտորում է:

Այս ծրագրով, որը նախատեսվում է ավարտել 2025-2026 թվականներին, ըստ էության, կբարելավվեն ջրամատակարարման որակը, տեխնիկական հագեցվածությունը, հուսալիությունը, ապահովությունը, և ջրաչափական հանգույցներն ու հորերը կտեղադրվեն բնակարաններից դուրս, կհատվեն ապօրինի ջրամիացումները: Սա լուրջ ազդեցություն կունենա ջրի ֆիզիկական կորստի ծավալների վերացման համար»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: