Խորհրդարանը քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ մայիսի 6-ի հերթական նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի ընտրության հարցը:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Աշոտ Հայրապետյանի թեկնածությունը:
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է պատգամավոր Ալխաս Ղազարյանը:
Ելույթում Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է ԲԴԽ գործառույթների իրականացման, արդարադատության արդյունավետության բարձրացման եւ դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդման համար իր տեսլականը՝ մատնանշելով որոշակի քայլեր: Թեկնածուի կարծիքով պետք է ստեղծել ԲԴԽ գիտնականների, հեղինակավոր իրավաբանների, դատավորների միջեւ փոխգործակցության, բաց կառուցողական երկխոսության արդյունավետ հարթակ: Նա կարեւորել է գիտական այնպիսի նորույթների պարբերաբար ներկայացումը դատավորներին, ինչպիսիք են թվային իրավունքների ժառանգման, արհեստական բանականության իրավական կարգավիճակի, իրավական պատասխանատվության հետ կապված հարցերը:
Աշոտ Հայրապետյանը խոսել է մի շարք օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ մասնավորապես անդրադառնալով ԲԴԽ անդամի ընտրության համար նախատեսված չափորոշիչներին, գիտնական անդամների աշխատանքային գործունեության ժամկետների չսահմանափակմանը: Թեկնածուն անդրադարձել է էլեկտրոնային արդարադատության զարգացման, դատական ակտերի ձգձգման, օրենսդրորեն տեսակապ հասկացության ձեւակերպման, տեսակապի տեսակների սահմանման հարցերին:
Աշոտ Հայրապետյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ պատժողական արդարադատությունից վերականգնողական արդարադատություն անցումի, կալանավորումը՝ որպես բացարձակ միջոց չդիտարկելու, այլընտրանքային խափանման միջոցների կիրառման, Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման եւ դատական գործընթացներում դրա ազդեցության վերաբերյալ: