Արտաշատում հաշվարկում են կարկուտի հասցրած վնասները

Մայիսի 5-ին Արարատի մարզում տեղացած կարկտի հետևանքով բնակիչների այգիները կրել են ահռելի վնասներ։ Բերքի մեծ մասը վնասվել է։ Երեկ Արտաշատի շրջանի Քացրաշեն գյուղի բնակիչները գյուղ այցելած լրագրողներին ցույց տվեցին այգիները և կրած վնասները։

Նրանք բողոքում էին, որ Կառավարությունից ու պատկան մարմիններից որևէ մեկն իրենց չի այցելել, ավելին՝ որևէ գերատեսչություն չի արձագանքել իրենց զանգերին։ Նրանք նաև նշում էին, որ այգիները մշակելու համար վարկեր են վերցրել ու չգիտեն՝ այդ վարկերն ինչպես են վճարելու, եթե այգուց բերք չեն ստանալու։

Քաղցրաշենի վարչական ղեկավար Աշոտ Խալաթյանի խոսքով՝ Արարատի մազպետարանի և համայնքապետարանի ջանքերով հանձնաժողով է ստեղծվել, այսօր նիստ է տեղի ունենալու, որի ընթացքում հանձնաժողովը գնահատելու է Քաղցրաշենի կրած վնասները։

«Գնահատումը տեղի կունենա և կներկայացվի Կառավարությանը, ամբողջ աշխատանքներն ընթանալու են համայնքապետի հսկողությամբ, մանրակրկիտ ամեն ինչ պետք է ուսումնասիրվի ու ներկայացվի։

Ես միայն կարող եմ ասել, որ մեր գյուղում վնասը մասնակի է, կան հատվածներ, որտեղ վնաս չեն կրել։ Գյուղում «Կարմիր տակ» կոչվող հատվածն առհասարակ վնաս չի կրել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Քաղցրաշենի վարչական ղեկավարը։

Նա նաև փոխանցեց՝ կոնկրետ Քաղցրաշենում տեղադրված է 2 հակակարկտային կայան և 2-ն էլ մայիսի 5-ին աշխատել են։

«5 հակակարկտային կայան էլ ունենք տեղադրված մեր և Նարեկ գյուղի սահմանում, դրանք նույնպես այդ օրն աշխատել են։ Շատ են կրակել, թե քիչ, մեր որոշելիքը չէ, հարցը մեր տիրույթում չէ։ Ամպը շատ հզոր էր, վերջին տարիներին նման կարկտաբեր ամպ չէինք տեսել։

2016 թվականին էր վերջին անգամ գյուղում նման կարկուտ տեղացել ու վնաս հասցրել բնակիչներին, բերքահավաքից երևի 10 օր առաջ էր, բայց այն ժամանակ կրած վնասներն այս մասշտաբի չէին»,- նշեց մեր զրուցակիցը։

Արարատի մարզի Կանաչուտ գյուղում կրած վնասները դեռ չեն գնահատել, ստեղծված հանձնաժողովն այստեղ ևս կգնահատի կրած վնասների չափը և կներկայացնի Կառավարությանը՝ ակնկալելով փոխհատուցում։

Կանաչուտի վարչական ղեկավար Լևոն Ասատրյանի փոխանցմամբ՝ մասնակի հաշվարկն արել են, սակայն ամբողջացնելուց հետո միայն կարող են ասել կրած վնասի չափը։

«Մենք բնակիչներից դիմումներ ենք ընդունում։ Ծիրանը մասնակի վնասվել է, վերևի պտուղները բանի պետք չեն, գիլասը ևս, դեղձի մի քանի սորտեր կան, որոնք նույնպես շատ են վնասվել։ Արևն այսօր դուրս գա, վնասներն արդեն ամբողջությամբ կտեսնենք։

Գյուղում 2 հակակարկտային կայան կա, 2-ն էլ նորմալ կրակել են, 3 լինիա է, բոլորն էլ աշխատել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Ասատրյանը։

Ըստ նրա, գյուղում բնակիչները նման վնաս կրել էին նաև 10 տարի առաջ։

«Վնաս կրած բնակիչները վարկ ունեն, վարկ են վերցրել, որ այգին մշակեն»,- ընդգծեց Կանաչուտի վարչական ղեկավարը։