Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։
ԱԶԲ անդամ 69 պետությունների Կառավարիչների մասնակցությամբ այս նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթում նախարարը նախ անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը` նշելով, որ այն ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է, ապա ընդգծել նաև տարածաշրջանային համագործակցության խթանման առաջնահերթությունը։
Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ «այսպիսի հանդիպումները կարևոր են ոչ միայն մեր ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին խոսելու, այլ նաև գործընկեր Կառավարիչների հետ տարածաշրջանի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ մեր պատկերացումները քննարկելու տեսանկյունից»։