Ուկրաինան չի մարի իր պետական ​​պարտքի մեծ մասը առաջիկա 30 տարիների ընթացքում. Ֆինանսների նախարարության պարզաբանումը

Ուկրաինայի պետական ​​պարտքի մեծ մասը պատերազմի ժամանակ փոխառվել է գործընկերներից՝ արտոնյալ պայմաններով։ Հետևաբար, երկիրը չի մարելու այդ պարտքերը առաջիկա 30 տարիների ընթացքում։ Ինչպես տեղեկանում ենք «ՌԲԿ Ուկրաինա» պարբերականից, այս մասին հեռուստամարաթոնի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։

«Հարկ է նշել, որ պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ բավականին անվտանգ էր, այն կազմում էր 55%։ Հիմա այն բավականին նշանակալի է, մենք մոտենում ենք ՀՆԱ-ի 100%-ին, գումարը բավական զգալի է», - նշել է Մարչենկոն։

Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ այդ պարտքի մեծ մասը տրամադրվել է արտոնյալ պայմաններով։

«Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ հաջորդ 30 տարվա ընթացքում մենք չենք մարելու այդ պարտքերը։ Իհարկե, մենք խոսում ենք սպասարկման մասին, բայց սպասարկման տոկոսադրույքը կա՛մ արտոնյալ է, կա՛մ գործընկերները որոշում են պարտքային պարտավորությունների տոկոսները վճարել իրենց սեփական բյուջեից։ Հետևաբար, այս պարտքային բեռն այս պահին մեծ չէ»,- պարզաբանել է նախարարը։

Ուկրաինայի պետական ​​պարտքը 2024 թվականին աճել է 14,3%-ով՝ հասնելով 166 միլիարդ դոլարի։