Փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է չին և հայ ժողովուրդների անկեղծ բարեկամությունը. Լի Սինվեյ
Վաղ ամառը բնության բուռն ծաղկունքի ժամանակն է։ Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իններորդ արտակարգ և լիազոր դեսպան։ Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան և առաջին աշխատանքը դեսպանի պաշտոնում. երկու կարևոր «առաջիններ», որոնք իմ կյանքի այս փուլում միաժամանակ կարևոր առաքելություն և լուրջ հանձնառություն են։
Հայաստանում գտնվելու կարճ ժամանակահատվածում այս չքնաղ երկիրն արդեն խորը տպավորություն է թողել ինձ վրա։ Հայաստանը գեղատեսիլ լեռներով ու ջինջ աղբյուրներով հիասքանչ երկիր է։ Մեծահամբավ ու վեհ Արագած լեռը լուռ հսկում է այս հնագույն հողը, իսկ կապուտակ Սևանա լիճը սերնդեսերունդ զորացնում է աշխատասեր ժողովրդին։ Ժամանակի փոշուց մգացած քարաշեն շինությունները լուռ պատմում են հեռավոր դարերի պատմություններ։ Հատկապես հմայիչ է մայրաքաղաք Երևանը. Հանրապետության հրապարակից մինչև Ազատության հրապարակ, անցնելով Հյուսիսային պողոտայով, Օպերային թատրոնում վայելելով հիասքանչ ներկայացում, ապա բարձրանալով Կասկադի աստիճաններով` կարելի է ամբողջությամբ զգալ Առնո Բաբաջանյանի հայտնի երգում նկարագրված «կյանքի քաղաքի» կախարդանքը։
Հայաստանը հարուստ պատմությամբ ու մշակույթով հնագույն քաղաքակրթության օրրան է։ Դեռևս երկու հազար տարի առաջ այն եղել է Մետաքսի ճանապարհի կարևոր հանգույցներից մեկը, որտեղ Արևելքի և Արևմուտքի մշակույթները խաչվելով միաձուլվել են՝ ձևավորելով առանձնահատուկ ինքնություն և ծնելով հարատև ու փառահեղ քաղաքակրթություն։
Էջմիածնի մայր տաճարը, Զվարթնոց տաճարի ավերակները, Գեղարդ վանական համալիրը և այլ մշակութային կոթողներ ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Հայոց այբուբենը, հայկական դուդուկի երաժշտությունը, «Քոչարին» և այլ հայկական մշակութային տարրեր ճանաչվել են որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն, ինչը բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկների գրավում է՝ բացահայտելու այս հմայքը։
Հայաստանը փորձությունների միջով անցած, սակայն անսասան կանգնած երկիր է։ Հայ ժողովուրդը վերապրել է պատերազմներ ու բնական աղետներ, մեծ կորուստներ է ունեցել, անցել է պատմության ծանր ճանապարհով, սակայն պահպանել է իր ուժեղ կամքը, ինքնակատարելագործման ձգտումը և կենսախինդ ոգին։ Հայ ժողովուրդը առանձնանում է իմաստությամբ ու տոկունությամբ, իսկ աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքն ունի զգալի միջազգային ազդեցություն։
Չինաստանն ու Հայաստանը հարուստ պատմություն և խորը մշակութային արմատներ ունեցող երկրներ են։ Հենց այս պատմամշակութային ընդհանրությունն է, որ հնարավորություն է տալիս մեր ժողովուրդներին փոխադարձաբար հասկանալ ու աջակցել միմյանց, դառնալ անկեղծ ու վստահելի բարեկամներ, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության արդյունքում հասնել ամուր և երկարաժամկետ գործընկերության։
Այսօր աշխարհը կանգնած է վերջին հարյուրամյակում աննախադեպ փոփոխությունների շեմին, և բոլոր երկրները միաժամանակ բախվում են թե՛ բացառիկ հնարավորությունների, թե՛ լուրջ մարտահրավերների։
Այս պատմական շրջադարձային պահին պետությունները պետք է դրսևորեն փոխադարձ հարգանք, գտնեն համատեղ եզրեր՝ պահպանելով միմյանց առանձնահատկությունները, գործեն միասնաբար՝ մերժելով պրոտեկցիոնիզմը և միակողմանիությունը, համատեղ ջանքերով պահպանեն արդար ու ողջամիտ միջազգային կարգը և նպաստեն միջազգային ու տարածաշրջանային խնդիրների խաղաղ կարգավորմանը՝ այս ամենով ամրապնդելով խաղաղությունն ու կայուն զարգացումը աշխարհում։
Հայաստանը ևս գտնվում է բարեփոխումների և վերափոխման փուլում։ Այս փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է մնում չին և հայ ժողովուրդների միջև եղած ջերմ ու անկեղծ բարեկամությունը։ Չինաստանը մշտապես եղել և մնում է Հայաստանի վստահելի բարեկամը և գործընկերը։
Չին ժողովուրդը երբեք չի մոռանա, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին շրջանում ավելի քան 6000 հայազգի կարմիրբանակայիններ մեկնեցին Չինաստանի հյուսիս-արևելք՝ մասնակցելու ճապոնական ագրեսիայի դեմ պայքարին՝ արժանապատվորեն գրելով եղբայրության և քաջության անմոռանալի էջեր։
Այս տարի լրանում է ճապոնական ագրեսիայի դիմադրության պատերազմում չին ժողովրդի տարած հաղթանակի և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակի 80-ամյակը։ Մենք պետք է դասեր քաղենք պատմությունից, իմաստություն ու ուժ ստանանք Երկրորդ համաշխարհային պատերազմի դառն փորձից և հակաֆաշիստական պատերազմի մեծ հաղթանակից, հաստատակամորեն պաշտպանենք միջազգային արդարությունը, վճռականորեն մերժենք բոլոր տեսակի հեգեմոնիզմն ու ուժի քաղաքականությունը՝ համատեղ կերտելու ավելի լուսավոր ապագա ողջ մարդկության համար։
Չինաստանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են կարևոր պատմական հանգույցում, երբ բացվում են մեծ հնարավորություններ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար։ Իմ նոր պաշտոնի ստանձնման պահին պատրաստ եմ աշխատել հայ գործընկերներիս հետ՝ շարունակելու երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացումը, դրա փոխշահավետ պտուղները կիսելու, երկու ժողովուրդների փոխըմբռնումն ու բարեկամությունը ամրապնդելու, և թույլ տալու, որ պատմական քամին բացի նոր էջ՝ իրական բարօրություն բերելով մեր երկու ժողովուրդների համար։
Լի Սինվեյ
Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան