Թմրամիջոց տեղադրող երիտասարդներ են ձերբակալվել․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական տեղեկությունն իրացրին մայիսի 6-ին: Մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում նրանք հայտնաբերեցին ու ձերբակալեցին 19-ամյա երկու երիտասարդի, մեկը Նոր Հաճնի, մյուսը` Երևանի բնակիչ:
Երկուսի խուզարկությամբ էլ հայտնաբերվեցին զիպ փականով փաթեթներ, որոնք իրենց հերթին լցված էին կպչուն ժապավենի փաթեթներով: Ձերբակալվածների մոտ եղած 21 փաթեթում մարիխուանայի նմանվող զանգված էր:
Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք մարիխուանայով փաթեթները ձեռք են բերել Տելեգրամյան մի կայքէջի օգտատիրոջից` իրացնելու նպատակով: Պարզվեց նաև, որ նրանք նախքան ձերբակալվելը Արաբկիր վարչական շրջանում տեղադրել են երկու փաթեթ, որի դիմաց պետք է գումար ստանային։ Տեղադրված փաթեթները հայտնաբերվել են։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդները տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կրկին հիշեցնում ենք, որ քրեաիրավական իմաստով թմրամիջոցով փաթեթներ տեղադրելը ևս իրացում է, որի համար նախատեսվում է բացառապես ազատազրկման ձևով պատիժ։