Որո՞նք են ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեության իրականացման խոչընդոտները
Համաշխարհային բանկի Enterprise Survey-ի տվյալների համաձայն՝ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ամենամեծ խոչընդոտ է համարվում ֆինանսների մատչելիությունը, ինչը որպես առաջնային խնդիր նշել է հարցված 375 ձեռնարկություններից 93-ը (24.7%)։ Այս խոչընդոտին հաջորդում են քաղաքական անկայունությունը (19%) և ոչ ֆորմալ ոլորտի պրակտիկան (13.7%)։
Պատկերն տարբերվում է, երբ խոչընդոտները դիտարկվում են ըստ հարցված ձեռնարկությունների չափերի։ Օրինակ՝ խոշոր ձեռնարկությունների դեպքում ամենամեծ խոչընդոտը համարվում է կոռուպցիան, որն ընտրվել է հարցված 42 խոշոր ձեռնարկություններից 18-ի կողմից, իսկ փոքր և միջին ձեռնարկությունների դեպքում առաջնային խնդիր է ֆինանսների մատչելիությունը, որն ընտրվել է 223 փոքր ձեռնարկությունների 22.9%-ի և 110 միջին ձեռնարկությունների 31.5%-ի կողմից։
Ռեսպոնդենտներին ներկայացվել է բիզնես միջավայրին առնչվող խոչընդոտների ցանկ և առաջարկվել՝ նշվածներից ընտրել իրենց համար ամենամեծ խոչընդոտը։