Մալդիվները $9 միլիարդանոց բլոկչեյնի կենտրոն կհիմնի

Մալդիվները համագործակցում է Դուբայում տեղակայված MBS Global Investments-ի հետ՝ Մալե քաղաքում 9 միլիարդ դոլար արժողությամբ բլոկչեյնի և թվային ակտիվների կենտրոն կառուցելու նպատակով՝ երկրում տնտեսությունն ավելի բազմազան դարձնելու և տուրիզմից կախվածությունը նվազեցնելու համար։

«Մալդիվյան միջազգային ֆինանսական կենտրոն» անունը կրող նախագիծը կունենա 830,000քմ տարածք, կստեղծի շուրջ 16,000 աշխատատեղ և կբնակեցնի մինչև 6,500 բնակչի։ Կենտրոնը նախագծված է որպես ֆինանսական ազատ գոտի և կանխատեսվում է, որ այն չորս տարում եռապատկելու է երկրի ՀՆԱ-ն՝ ապահովելով տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար եկամուտ մինչև 5-րդ տարին։

Ներդրումների ծավալը գերազանցում է Մալդիվների ներկայիս՝ մոտ 7 միլիարդ դոլարի ՀՆԱ-ն։ 14 միլիարդ դոլարի ակտիվներ կառավարող MBS Global-ն արդեն ներգրավել է 4-5 միլիարդ դոլարի ֆինանսավորում՝ կապիտալի և վարկային աղբյուրների միջոցով՝ հարուստ անհատներից և ընտանեկան ներդրումային հիմնադրամներից։ Չնայած նախաձեռնության մեծածավալ բնույթին, գործընկերները վստահեցնում են, որ անհրաժեշտ ֆինանսական ենթակառուցվածքն ապահովված է։

Քանի որ մինչև 2026թ.-ը Մալդիվները պարտավոր է մարել մոտ 1.7 միլիարդ դոլարի արտաքին պարտքեր, ներառյալ 500 միլիոն դոլար սուկուկ (իսլամական ֆինանսական սերտիֆիկատ՝ համարժեք պարտատոմսին), երկիրը շտապ որոնում է եկամտային նոր աղբյուրներ։ Վերջերս Հնդկաստանից ստացվել է 760 միլիոն դոլար աջակցություն՝ պատրքերի վճարման ուշացումից խուսափելու համար։

Պաշտոնյաները բլոկչեյնի կենտրոնի ստեղծումը դիտարկում են որպես ռազմավարական քայլ դեպի ավելի կոմերցիոն զարգացման մոդել՝ անցում կատարելով Հնդկաստանի և Չինաստանի ավանդական աջակցությունից։