Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Եվրոպական միության և ԵԱՏՄ-ի միջև. Պապոյանը՝ ԱՄԷ դեսպանին
Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական համագործակցությունը։
«Մեր երկիրը կարող է հանդիսանալ կամուրջ Եվրոպական Միության և ԵԱՏՄ-ի միջև։ Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ», - նշել է նախարարը։
Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու տեսլականը՝ ընդգծելով օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները։ Նա նաև մանրամասնել է պետության կողմից ներդրումների խթանման նպատակով առաջարկվող աջակցության գործիքակազմը՝ ընդգծելով, որ Հայաստանը ձևավորել է ճկուն և անվտանգ ներդրումային միջավայր։