ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄԷ Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելով, և առաջիկայում նախատեսվում է ընկերության մասնաճյուղի բացումը Հայաստանում։ Նա ներկայացրել է ընկերության կողմից տարբեր երկրներում իրականացված ծրագրերը, ընդգծելով նրանց բազմամյա փորձը ենթակառուցվածքների, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում։ Մատրուշին հույս է հայտնել, որ Հայաստանում ևս հնարավոր կլինի կիրառել այդ փորձն ու իրականացնել ներդրումային նախագծեր։

Փոխնախարար Ղալեչյանը ողջունել է հյուրերին և կարևորել նման համագործակցության հեռանկարները՝ նշելով, որ ներկայումս Հայաստանում ընթանում են լայնածավալ շինարարական և ենթակառուցվածքային ծրագրեր։ Նա ընդգծել է ՀՀ կառավարության բաց և աջակցող մոտեցումը օտարերկրյա ներդրումների նկատմամբ և պատրաստակամություն է հայտնել համագործակցելու՝ ներդրումային հնարավորությունները առավել հասանելի դարձնելու համար։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ համագործակցության կոնկրետ ուղղությունները հստակեցնելու նպատակով։