Թբիլիսիի օդանավակայանում Վրաստանի տարածք 14 կգ թմրանյութ տեղափոխել փորձող բրիտանուհի է ձերբակալվել

Մեծ Բրիտանիայի քաղաքացին փորձել է Վրաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխել 12 կիլոգրամ մարիխուանա և մոտ երկու կիլոգրամ հաշիշ, հաղորդում է Новости-Грузия-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարությանը։

Հաղորդվում է, որ բրիտանուհին ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում։ Ձերբակալվածը 19 տարեկան է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թմրանյութերը երիտասարդ բրիտանուհու ճանապարհորդական պայուսակում էին։

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նրան կարող է սպառնալ ցմահ ազատազրկում։

Մեծ Բրիտանիայի քաղաքացին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու և դրանք Վրաստան անօրինական կերպով ներմուծելու մեջ։