Դեղձի ու ծիրանի 75 տոկոսը կարկտահարվել է
Մայիսի 5-ն շուրջ 3 ժամ տևած կարկուտը Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի բեքը սրբել- տարել է՝ գյուղացուն զրկելով ապրուստի միջոցից:
Քաղցրաշենցի Ատոմ Մարգարյանը 4000 մետր ծիրանի այգի ունի: Ագրոպրեսի հետ զրույցում պատմեց, որ այգում է եղել, երբ կարկուտ է սկսել տեղալ: Ասում է՝ «Քաղցրաշենում 6 րոպե պոպոքի չափ մեծ կարկուտ է եկել, լրիվ ավերել է, գիլասը ճղներով պոկել, գցել է ցած»:
«15 օրը մեկ ծառերի բուժում եմ արել, միլիոններ եմ ծախսել, սաղ կորավ- գնաց: Ո՞նց պետք է էս ամենի տակից դուրս գամ: Լրիվ սկած վիճակ է»,-նեղսրտեց այգեգործը:
Արևշատ բնակավայրի այգեգործ Կարապետ Մովսիսյանը 6000 մետր դեղձի այգի ունի: Գյուղացու նախնական հաշվարկով՝ բերքը 90 %-ով փչացել է:
«Բնական աղետ է, ոչ մեկը մեղք չունի, բայց գյուղացու վիճակը կրկնակի եռակի ծանրանում է։ Որոշ մասը վարկերով եմ արել, որոշ մասը՝ պարտքերով: Այդքանից հետո նայում ես, որ և քո չարչարանքը, և դրած գումարները լրիվ հեչ է լինում: Մեր ապրուստի միջոցը 80 տոկոսով սա է: Թե մեր պետությունը իրեն ոնց կդրսևորի էս պահերին, գոնե ինչ-որ զեղչեր կլինեն, գոնե ջրի հարցով, էդ էլ արդեն մեր ղեկավարներից է կախված»,- մտահոգվեց քաղցրաշենցին:
Նույն պատկերն է նրա հարևան Վաղարշակ Իվանյանի այգում. գետնին թափված ծիրան, գիլաս ու սալոր: Նա նշեց, որ առատ բերքի կանխատեսում ուներ, բայց կարկուտի պատճառով բերքի մի մասը կորցրեց, մյուս մասն էլ ապրանքային տեսք չունի, շուկայում այն դժվար կարողանա վաճառել, ստիպված էժան գնով գործաններին կհանձնի:
«Անորակ ապրանքը ի՞նչ են անում, հանձելու եմ կոնսերվի գործարան: Բերքահավաքի ժամանակ օրավարձով աշխատողը կիլոն 100 դրամով ծիրան է քաղում, 40 դրամով գործարանը ծիրան է ընդունելու, պիտի քաղեմ, մի հատ էլ ծախս անեմ, տանեմ տամ գործարանին: Ավելի լավ չի՞, թափի, նեխի, վերջանա, գնա»,- դժգոհեց նա:
Մեկ այլ գյուղացի էլ ասաց, որ ամեն տարի գարնան սեզոնից մինչև բերքի հասունանալը 2-3 միլիոն դրամ ծախս է անում այգու վրա, այս տարի էլ դարձյալ վարկ է վերցրել՝ այգին մշակելու համար:
«Պետությունն ի՞նչ է տալու, գալու են այսպես նայեն, ասեն մի 5000 դրամ, 10000 դրամ, կամ լավագույն դեպքում մի 100000 դրամ: Ի՞նչ 100 հազար դրամի մասին է խոսքը, ես մենակ ոռոգման ջրին 150-200 հազար տարեկան փող եմ տալիս: Եթե կարում են, թող փոխհատուցեն ջրերի վարձը, գոնե այս տարի ջրերը տան, որ ծառը ջրվի, որ եկող տարին նորից բերք տա։ Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը փոխհատուցում տա, ո՞ր մեկին տան: Ամբողջ Արտաշատի շրջանն այսպես է, տեղեր կան, որ սրանից էլ վատ է։ Քամին ջերմոցների ցելոֆոնները սաղ պոկել է, մարդիկ միլիոններ են կորցրել»,-վրդովվեց հողագործը:
Կարկուտը վնասներ է հասցրել նաև Արմավիրի մարզի մի քանի համայնքների: Դալար գյուղ բնակիչների փոխանմամբ՝ կարկուտից տուժել եմ իրենց գյուղի այգիներն ու ցանքատարածությունները: Կարկուտից տուժած գյուղացիները շեշտում են, որ առավել անելանելի է նրանց վիճակը, որոնք դեռ չէին հասցրել կարկուտի ռիսկից ապահովագրել ծիրանը: Ըստ նրանց՝ այդպիսի գյուղացիները շատ են::
«Այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել ապահովագրել իրենց այգիները, կիրականացվի վնասի գնահատում, որից հետո կփորձենք մեր հնարավորությունների շրջանակում աջակցել»,-այս մասին ԱԺ-ում պատգամավորների հարցերին ի պատասխան տեղեկացրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նրա խոսքով՝ կառավարության ֆինանսավորմամբ այս տարի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրով նախատեսվում է 70-80 տոկոս ապահովագրավճարի սուբսիդավորում:
Պապոյանը հայտնել է, որ արդեն ունեն բազմաթիվ շահառուներ, որոնք դիմել են այս ծրագրին և կարող են ստանալ մինչև 80 տոկոս սուբսիդավորում:
Կրակե՞լ են, թե՞ չեն կրակել
Գյուղացիներին, սակայն, զայրացրել է այն հանգամանքը, որ, ինչպես իրենք են պնդում, կարկուտից հետո է հակակարկտային կայանքները կրակել:
«Մոտ 45 րոպե կարկուտը գալուց հետո անձրև եկավ, նոր այդ ժամանակ հակակարկտային կայանքներից ձայն եկավ, սկսեցին կրակել: Մի երկու հակակարկտային կայան են բերել, ժողովուրդի աչքն են փակում, որ մեզ, իբրև, օգնոմ են: Բայց սուտ է, դրանք չեն կրակում»,-հայտարարել էր Մրգավետ գյուղի բնակիչ Խաչիկ Մնացականը, ում այգին ու հողամասը ևս կարկտահարվել են: Արևշատի բնակիչները նույնպես վստահեցնում են՝ կայանքները չեն աշխատել:
Արարատի մարզում 5 ժամվա ընթացքում հակակարկտային կայանքներից 59 327 կրակոց է եղել՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հավաստիացրել է Պապոյանը: Պաշտոնյան հակադարձում է այգետերերին՝ հակակարկտային կայանքները կրակել են, բաց այն կարկտաբեր ամպերի դեմ ամբողջովին չի կարող աշխատել:
«Կրակել են, շատ են կրակել, եթե չկրակեին կարկուտի վնասի չափն ավելի մեծ կլիներ։ Գիտականորեն ապացուցված փաստ է, որ հակակարկտային կայանները մի կողմից բավական արդյունավետ են, բայց երբեք 100 տոկոսանոց արդյունավետություն չեն ունենում»,- արձանագրել է նախարարը:
Նա հայտնել է, որ կարկուտից վնասներ հիմնականում 8 գյուղում է գրանցվել. պտղի մասով մինչև 30 տոկոս վնասվածություն կա, իսկ բանջարեղենային մշակաբույսերի դեպքում՝ 50-60 տոկոս:
Վնասը հաշվարկվում է
Մայիսի 9-ին Գևորգ Պապոյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Մրգանուշ, Աբովյան, Ջրաշեն և մյուս բնակավայրեր, ծանոթացել վնասի ծավալներին ու գյուղացիների խնդիրներին:
Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը Ագրոպրեսին հաղորդեց, որ կարկտահարված համայնքներում ձևավորվել են աշխատանքային խմբեր, վնասի գննահատում է կատարվում: Համայնքերը գնահատված վնասը կուղարկեն նախարարություն, որն էլ կհասցեագրի կառավարությանը:
Մանյա Պողոսյան
Աղբյուրը՝ agropress.am