Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ
Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։
Նա հիշեցրել է, որ Իրանը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կողմ է և իրավունք ունի խաղաղ նպատակներով օգտագործել միջուկային տեխնոլոգիաները, անցկացնել համապատասխան հետազոտություններ, այդ թվում՝ արդյունաբերության, գյուղատնտեսության և բժշկության կարիքների համար։ Փեզեշքիանը շեշտել է, որ Իրանի կրոնական համոզմունքները թույլ չեն տալիս զբաղվել միջուկային զենքի ստեղծմամբ։
Իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ միջուկային խնդրով ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլի ժամկետները գրեթե որոշված են, բայց դեռ պետք է համաձայնեցվեն:
«Ամենայն հավանականությամբ, այդ մասին կհայտարարվի առաջիկայում: Օմանի արտաքին գործերի նախարարը նաև կտեղեկացնի բանակցությունների անցկացման վայրի մասին»,- հավելել է Աբաս Արաղչին: