Գ. Պապոյանը ընդունել է ՀՀ֊ում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ 

«Իսպանիան Եվրոպայի մեր ամենաարժեքավոր գործընկերներից մեկն է, և մենք հանձնառու ենք անել լավագույնը՝ այս հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար՝ հիմնվելով մեզ միավորող վստահության և ընդհանուր շահերի վրա», - նշել է Գևորգ Պապոյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև քննարկվել են փոխգործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, ինտենսիվ տեխնոլոգիաներ և այլն։

Քննարկվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման նպատակով B2B հանդիպումների, ինչպես նաև ճանաչելիության բարձրացման նպատակով լրագրողների և բլոգերների այցերի կազմակերպման հնարավորությունը։