Ագրոպրես. Երասխահունում միջատները նահանջել են

Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում միջատների գրոհը դադարել է: Գյուղացիները Ագրոպրեսի հետ զրույցում հայտնեցին, որ իրենց հաջողվել է միջատների դեմն առնել. առաջվա պես ամենուր՝ ճանապարհից մինչև դաշտեր միջատներ չկան: Ինչպես երասխահունցիներն են ասում՝ հատուկենտ միջատներ են մնացել:

Գյուղի բնակիչներից Սարգիս Իսրայելյանի խոսքով՝ միջատների տարածումը կանխելու և բույսերին փրկելու համար օգտագործել են տարբեր թունաքիմիկատեր, ի վերջո, կարողացել են միջատների զանգվածային տարածումը կանխել: Նա ասում է՝ դեռ չի հաշվել, բայց միջատներին վերացնելու համար գումար շատ է ծախսել: Գյուղացին նշում է, որ թունաքիմիկատների համար ծախսած գումարն աչքին չի երևում՝ կարևորը բերքն է փրկել միջատների հարձակումից:

«Թե չէ սածիլները դնելուց հետո որ կերան, էլ բերք չենք կարողանա ստանալ։ Մարդկանց բերքը կկորի։ Նայում ես բույսին, տերևները լրիվ կերած են, մենակ ցողունն է մնացել: Էդ բերքի հույսին ենք, մեր տունն ո՞վ պետք է պահի, վարկի տոկոսները փակի»,- բողոքեց հողագործը:

Երասխահունի բնակիչները պատմում են, որ մոտ մեկ ամիս առաջ են շագանակագույն փոքրիկ միջատները հայտվել իրենց դաշտերում ու այգիներում։ Գյուղացիների փոխանցմամբ՝ սկզբից թրթուրներ են նկատել ճանապարհներին։ Կարծում են, որ հենց այդ թրթուրներն են վերածվել միջատների։ Այս շաբաթների ընթացքում միջատների թիվը ոչ միայն բազմապատկվել է, այլև պարզ դարձել, որ անվնաս չեն՝ ուտում ու ոչնչացնում են ճանապարհին հանդիպած տարատեսակ բույսեր՝ մոլախոտերից մինչև մշակաբույսեր։

«Նախարարությունից էլ եկան իրենց աչքով տեսան, որ բույսին վնաս է տալիս: Միջատը ծակող հատկություն ունի վնասում է բույսը, և՛ մոլախոտ է ուտում, և՛ մշակաբույսերը: Ասում են՝ վնաս չի տալիս, բայց միջատը բույսերով է սնվում, ո՞նց վնաս չի տալիս»,-մատնանշեց մեր զրուցակիցը:

Տերևը կերել ցողունն են թողել

Երասխահունում ապրուստի հիմնական միջոցը գյուղատնտեսությունն է, այստեղ բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակում՝ պղպեղ, սմբուկ, լոլիկ, սեխ և ձմերուկ: Արդեն սածիլները հողի մեջ են տեղադրել, գյուղացիները տագնապած են՝ ինչ է լինելու։

«Ձմերուկի բույսերն են վնասել, տերևները կերել են: Ցելոֆանին փող եմ տվել, սերմին, տրակտորիստին փող եմ տվել: Հո մենակ դա չի, բա՞ աշխատողների փողն ու բուժանյութն ու պարարտանյութը: Բույսն էլ միջատը կերել է, էլ տակն ի՞նչ է մնում»,- վրդովվեց հողագործությամբ զբաղվող մեկ այլ բնակիչ:

Երասխահունցիներից ոմանք նշում են, որ բզեզի նման շագանակագույն միջատներն ամենևին էլ անհայտ միջատներ են, միշտ էլ եղել են, բայց այսպես երբեք չեն ողողել դաշտերը:

Միջատը մշակաբույս չի կերել

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վաչագան Դավթյանը ևս փաստում է՝ այդ միջատները նորություն չեն Արմավիրի մարզում, պարզապես այս տարի գերխոնավ եղանակով պայմանավորված մի քանի օջախներում՝ Երասխահուն, Առատաշեն, Մերձավան համայնքներում միջատներն ակտիվացել են: Մասնագետի տեղեկացմամբ՝ Երասխահունը ողողած միջատները տերևակեր բզեզներն են, տարածվում են հիմնականում մոլախոտերով հարուստ դաշտերում:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը հակադարձում է երասխահունցիներին՝ պնդելով որևէ մշակաբույսին միջատը չի վնասել:

Նյութն ամբողջությամբ՝ agropress.am