Եվրամիությունը «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին 5,5 միլիոն եվրո արտակարգ ֆինանսավորում կտրամադրի
Եվրամիությունը համաձայնել է արտակարգ միջոցներ տրամադրել, որպեսզի «Ազատ Եվրոպա» ռադիոկայանը գորունեությունը չդադարեցնի, հաղորդում է Euronews-ը։
ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քայա Կալլասը հայտարարել է, որ դաշինքի արտգործնախարարները համաձայնության են եկել 5,5 միլիոն եվրոյի պայմանագրի շուրջ՝ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանի կենսականորեն կարևոր աշխատանքին աջակցելու համար։
Նա նշել է, որ կարճաժամկետ արտակարգ ֆինանսավորումն անվտանգության համակարգ է անկախ լրագրության համար։
Կալլասը նշել է, որ Եվրամիությունը չի կարողանա լրացնել կազմակերպության ֆինանսավորման բացը ամբողջ աշխարհում, սակայն կարող է օգնել հեռարձակողին «աշխատել և գործել այն երկրներում, որոնք ԵՄ հարևանությամբ են և շատ կախված են դրսից եկող լուրերից։
Նա հույս է հայտնել, որ ԵՄ 27 անդամ պետությունները երկարաժամկետ հեռանկարում ավելի շատ միջոցներ կտրամադրեն «Ազատ Եվրոպա» ռադիոկայանին օգնելու համար։
Կալլասը նշել է, որ դաշինքը փնտրում է «ռազմավարական ոլորտներ», որտեղ կարող է օգտակար լինել, քանի որ Միացյալ Նահանգները կրճատում է արտաքին օգնությունը։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր գրասենյակը Վաշինգտոնում է, Կոլումբիայի շրջանում, իսկ լրագրողական գլխավոր գրասենյակը՝ Չեխիայի Հանրապետությունում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել էր այս լրատվամիջոցին դրամաշնորհներ տրամադրելը՝ մեղադրելով այն լիբերալ կողմնակալությամբ լրատվական ծրագիր խթանելու մեջ։
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը սկսեց հեռարձակվել Սառը պատերազմի տարիներին։ Հեռուստաալիքի ծրագրերը հեռարձակվում են 27 լեզվով՝ Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի 23 երկրներում։
Ռադիոկայանի փաստաբանները ԱՄՆ վարչակազմի որոշումը վիճարկում են դատարանում։