Մեքենաներն արդեն 40 օր է՝ պահվում են Վրաստանի տարածքում. կոնյակագործների ակցիան Վրաստանի դեսպանատան դիմաց(ուղիղ)

Հայաստանի կոնյակագործներն այսօր՝ մայիսի 21–ին կրկին բողոքի ակցիա են իրականացնում Վրաստանի դեսպանատան դիմաց։ Նրանք բողոքում են հայկական ապրանքները Վրաստանի տարածքով արտահանելու գործընթացին խոչընդոտելու դեմ։ Բանն այն է, որ ըստ կոնյակագործների, Ռուսաստան և Բալթյան երկրներ արտահանման համար նախատեսված կոնյակը Վերին Լարսի անցակետում ինքնաբուխ լաբորատոր փորձարկումների է ենթարկվում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։

Ակցիայի մասնակիցների ձեռքին կան Հայաստանի եւ Վրաստանի դրոշներ, հայ–վրացական բարեկամության մասին փաստող պաստառներ։

Կոնյակագործները զարմանում են, թե ինչու պետք է իրենց ապրանքի կապարակնիքները պոկվեն, ուղարկվեն լաբորատոր ստուգման, եթե այդ ապրանքը Վրաստանի համար չէ, Վրաստանը պարզապես տարանցիկ երկիր է։

Մասնավորապես, կոնյակագործները նշել են, որ արդեն տևական ժամանակ է խոչընդոտվում է հայկական արտադրանքի ցամաքային ճանապարհով արտահանումը Վրաստանի տարածքով դեպի այլ երկրներ: Բեռնված մեքենաներն արդեն 40 օր է արհեստական խոչընդոտներով պահվում են Վրաստանի տարածքում։

Նշենք, որ նախորդ բողոքի ակցիայից հետո Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտարարել էր, որ հայ կոնյակագործների բողոքն արդարացի է եւ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան այս հարցին լուծում տալու համար։

Աղբյուրը՝ https://news.am/