«Թուրքիայի փոխարեն գնացեք Հունաստան». Հնդկաստանի կոչը

Հնդկական լրատվամիջոցներում տարածվող հրապարակումների համաձայն՝ վարչապետ Նարենդրա Մոդին դժգոհ է Թուրքիայից, քանի որ վերջինս աջակցություն է ցուցաբերում Պակիստանին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ դժգոհության ֆոնին Հնդկաստանում սկսվել է «Բոյկոտենք թուրքական տուրիզմը» կոչով քարոզարշավ։

Հնդկական աղբյուրների տեղեկացմամբ՝ արդեն չեղարկվել են Թուրքիա կատարվելիք զբոսաշրջային ամրագրումները։ Հիշեցվում է, որ 2024-ին Թուրքիա էր մեկնել շուրջ 330.000 հնդիկ զբոսաշրջիկ, որոնց կատարած ծախսերը կազմել էին ընդհանուր առմամբ 3.5 մլրդ թուրքական լիրա (համարժեք է 90 մլն դոլարին);

Հնդիկ տնտեսագետները պնդում են, որ Հնդկաստանի իշխանությունները մտադիր են 15 տոկոսով կրճատել Թուրքիայի հետ ունեցած առևտրաշրջանառությունը, որի ծավալը տարեկան կազմում է շուրջ 13 մլրդ դոլար։ Միևնույն ժամանակ սկսել են շրջանառվել Հունաստանի տուրիստական գովազդները՝ «Թուրքիայի փոխարեն գնացեք Հունաստան» կոչերով։

Նշենք նաև, որ թուրքական մամուլում էլ ընդգծվում է, թե Հնդկաստան-Պակիստան վերջին լարվածության ընթացքում Հունաստանը կանգնել էր Հնդկաստանի կողքին՝ երկու երկրների փոխհարաբերությունները որակելով ռազմավարական: