Սյունիքի մարզի Հարժիս համայնքի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները գրեթե ավարտված են
Հայաստանում և մասնավորապես Սյունիքի մարզում լայն թափ են հավաքել միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, ինչը մեր երկրի համար ունի տնտեսական և ռազմավարական մեծ նշանակություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լայնածավալ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով ՀՀ ՏԿԵ նախարարությունը լրագրողների համար Սյունիքի մարզում կազմակերպել էր շրջայցեր։
Առաջին հանգրվանը Հարժիս համայնքի ավտոճանապարհի հատվածն էր, որն ունի միջպետական նշանակություն։ Կապալառուն «Գրիգորյան Շին» ընկերությունն է, իսկ նախագծողը՝ «Արմստրոյ» ընկերությունը։ Ավտոճանապարհի շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ։
Հիմնանորոգվող հատվածի ընդհանուր երկարությունը 7,2 կիլոմետր է։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 722,760,599,000 դրամ։ Շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2023-25 թվականներին: Նախագծով նախատեսված է իրականացնել հողային աշխատանքներ, արհեստական կառուցվածքների կառուցում, ավազակոպճային շերտով ճանապարհի հարթեցում, ասֆալտբետոնե երկշերտ տեղադրում։
Ճանապարհային դեպարտամենտի տնօրեն Արկադի Չերչինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են։
«Որոշակի խնդիրներ են առաջացել գծանշման և մի փոքր հատվածում նաև ճանապարհի որակի հետ կապված։ Շինարարների կողմից թերությունների վերացումից հետո արդեն ավարտական հանձնաժողովը կիրականացնի համապատասխան այց և կատարված աշխատանքի վերաբերյալ կտա իր եզրակացությունը։ Նախկինում ճանապարհի վիճակը եղել է շատ վատ՝ չնայած այն տվյալ համայնքի համար ունի մեծ նշանակություն և հասնում է մինչև Հարժիսի դպրոց»,- ասաց Չերչինյանը։
Նա տեղեկացրեց, որ բոլոր նախանշված հատվածներում իրականացվում են ահռելի ծավալի աշխատանքներ։ Կոնկրետ Հարժիսի հատվածը հիմնովին վերանորոգվում է։ Ճանապարհի եզրերով և բնակավայրի ներսում տեղադրվելու է ջրահեռացման համակարգ։
Ամբողջությամբ՝ armenpress.am