ՀՀ-ում մշակված ծրագրային ապահովումն առնվազն 10%–ով կավելացնի արևային կայանների արտադրանքը

Հայաստանում նախագծված ծրագրային համալիրը կարող է առնվազն 10%-ով ավելացնել արևային կայանների արտադրանքը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Areg.ai ընկերության համահիմնադիր տնօրեն Հայկ Հարությունյանը։

Արհեստական բանականության գործիքակազմով զինված այս ծրագրային ապահովումը ավտոմատացնում է կայանի թե՛ տեխնիկական սպասարկումը, թե՛ ֆինանսական հաշվառումը, թե՛ տվյալների հավաքագրումը և վերլուծումը։ Աշխարհում նման ծրագրեր կան, սակայն միայն կայանների առանձին հանգույցների համար։ Ժամանակն է մեկտեղել այդ ամենը, նշում է Հարությունյանը։ Ծրագիրը թույլ կտա նաև կոորդինացնել անօդաչու սարքերի թռիչքները, որոնց միջոցով ժամանակ առ ժամանակ կկատարվի կայանի մոնիտորինգ` անսարքությունների կանխարգելիչ հայտնաբերման նպատակով։ Սա զգալիորեն կհեշտացնի սպասարկող անձնակազմի աշխատանքը, քանի որ արդյունաբերական կայանները կարող են զբաղեցնել տասնյակ, երբեմն` հարյուրավոր հեկտարներ։

Դրոնները, թռչելով կայանի վրայով, կազմում են դրա ջերմային քարտեզը (այնտեղ, որտեղ գույնը սառն է, հոսանքի արտադրությունը չկա կամ ցածր է)։ Խնդրի հայտնաբերումից հետո բավական է հենց ծրագրային ապահովման տիրույթում մասնագետներին ուղղորդել դեպի խնդրահարույց սարքավորումը։ «Ժամանակին նկատելով ու շտկելով անսարքությունները` կարելի է ոչ միայն ավելացնել հոսանքի արտադրանքը, այլև նվազեցնել կայանի ծախսերը մինչև 25%-ով, քանի որ եթե խնդիրները ժամանակին ես շտկում, սարքերն ավելի երկար են ծառայում», – նշում է Հարությունյանը։

Ընկերությունն արդեն սկսել է փորձարկել տեխնոլոգիան սեփական կայաններում (որոնց որոնց գումարային հզորությունը 70 ՄՎտ–ից ավելի է), ինչպես նաև` պատրաստվում է գրանցել ներդրումային ֆոնդ (Արաբական Միացյալ Էմիրություններում), որը Հայաստանում և արտերկրում կգնի աևային կայաններ և դրանք կկառավարի։ Դրա համար արդեն ներգրավվել է ֆինասավորում մի շարք հայկական վենչուրային ֆոնդերից։