Չինաստանի կենտրոնական բանկը պահանջել է ավելի շատ օգտագործել յուանը միջազգային առևտրում
ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի սրացման ֆոնին Չինաստանի կենտրոնական բանկը խստացրել է երկրի խոշորագույն բանկերից յուանի օգտագործման պահանջները սահմանից դուրս առևտրային գործարքներում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ Չինաստանի Ժողովրդական բանկը, մակրոպրուդենցիալ վերահսկողության շրջանակում կատարելով որոշակի կարգավորումներ, բարձրացրել է այն գործարքների համամասնությունը, որոնք պետք է իրականացվեն ազգային արժույթով՝ 25%-ից մինչև 40%:
Նշվում է, որ պահանջը պարտադիր չէ, սակայն այն բանկերը, որոնք չեն ակտիվացնի հաշվարկները յուանով, կստանան ավելի ցածր գնահատականներ վերահսկողության ժամանակ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ նրանց բիզնեսի ընդլայնման հնարավորությունների վրա։
Ամերիկացի լրագրողները նշում են, որ այս քայլը «ընդգծում է Պեկինի վճռականությունը՝ մեծացնել յուանի օգտագործումը համաշխարհային առևտրում» և կարող է էական ազդեցություն ունենալ յուանի պահանջարկի վրա։
Վաշինգտոնի և Պեկինի միջև մաքսային հակամարտության ֆոնին չինական արժույթի մասնաբաժինը միջազգային հաշվարկներում ապրիլին նվազել է 0.63 տոկոսային կետով՝ հասնելով 3.5%-ի։ Միևնույն ժամանակ Չինաստանից ԱՄՆ արտահանումը կրճատվել է 21%-ով։