Որտե՞ղ պետք է պահվեր ՔԿ–ից հափշտակված գումարը և ինչո՞ւ էր մնացել պահարանում
Քրեական վարույթով ձեռք բերված իրեղեն ապացույց գումարները կամ թանկարժեք իրերը պահպանելու ամենաարդյունավետ տարբերակը դատախազության հաշվեհամարին դրանք փոխանցելն է. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը` մեկնաբանելով ՔԿ–ից ավելի քան կես միլիոն դալարի հափշտակության դեպքը։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս բացահայտել էր քննչական կոմիտեից իրեղեն ապացույց ճանաչված 590 000 դոլար հափշտակելու աղմկահարույց դեպքը։ Ըստ նախաքննական վարկածի` գործել է հանցավոր խումբ, որի կազմակերպիչը եղել է Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների գործերով քննության 5-րդ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը, իսկ կատարողը` Էդգար Գրիգորյանը։
«Կարծում եմ` քննչական կոմիտեն փորձել է պահել ԿԲ–ի պահոցներում, որպեսզի թղթադրամները չփոխվեն, նույնը մնան։ Բայց ԿԲ–ն, փաստորեն, չի ընդունել»,– նշեց Րաֆֆի Ասլանյանը։
Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը մայիսի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ ոչ միայն այդ, այլև մի շարք այլ քրեական վարույթներով առգրավված գումարներն ու թանկարժեք իրերը անվտանգ պահպանելու նպատակով քննչական մարմինը գրությամբ դիմել է Կենտրոնական բանկին։ Սակայն ԿԲ–ից պատասխանել են, որ 2024թ–ի դեկտեմբերի 31-ից հետո ԿԲ–ն այլևս պահպանության չի վերցնում։
ԿԲ–ի նման պատասխանը Րաֆֆի Ասլանյանի համար անհասկանալի է, քանի որ, ըստ նրա, օրենքի համապատասխան փոփոխություն այդ ընթացքում տեղի չի ունեցել։ Իրավաբանը նշում է, որ Քրեական դատավարության օրենսգիրքը գործով իրեղեն ապացույց ճանաչված գումարի պահպանման մի քանի եղանակ է նախատեսում` պահել բանկում, այդ թվում` ԿԲ–ում, դատախազության դեպոզիտային հաշվեհամարին (եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում) կամ դատարանի հաշվեհամարին (եթե գործը գտնվում է դատական քննության փուլում)։ Միաժամանակ նախատեսվում է նաև քրեական վարույթին կից պահելու տարբերակը, ասել է թե` քննչական մարմնում, չհրկիզվող պահարանում, ինչը և արվել էր։
«Տվյալ իրավիճակում պետք է հասկանալ` ինչ պատճառով է պահվել վարույթին կից, այսինքն` չհրկիզվող պահարանում»,– նշեց իրավաբանը` չբացառելով, որ ԿԲ–ից մերժում ստանալուց հետո նախաքննական մարմինը մասնավոր բանկերին չի վստահել, որովհետև դրանք պահպանման դիմաց գումար են գանձում, ինչը լրացուցիչ ծախս է ենթադրում պետական մարմնի համար։
Բացի այդ, Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ բանկերում կամ դեպոզիտայի հաշվեհամարներին փոխանցելու դեպքում թղթադրամները նույնությամբ չեն պահվում, մինչդեռ լինում են դեպքեր, երբ անհրաժեշտություն է առաջանում պահպանել իրեղեն ապացույց ճանաչված գումարի անհատական հատկանիշները։
Ամբողջությամբ՝ Sputnik Արմենիա