Մրցակցային խնդիրները նվազել են, բայց դեռ անելիք կա․ խորհրդարանը քննարկել է ՄՊՀ հաշվետվությունը

2024 թվականին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հակամրցակցային համաձայնություններով երեք վարույթ է հարուցել․ արդյունքում պետբյուջե է գանձվել ավելի քան 2 մլրդ դրամի տուգանք։ Խորհրդարանում ներկայացվել է հանձնաժողովի 2024 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը։

Պատգամավորներն ու ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձել են մրցակցային խնդիրներին։ Նրանք արձանագրել են, որ վերջին տարիներին այդ խնդիրերը նվազել են, բայց անելիքներ դեռ կան։

Կոնյակ ու գինի տեղափոխող հայկական բեռնատարները մեկ ամսից ավելի կանգնած են հայ-վրացական սահմանին և չեն կարողանում բեռները հասցնել Ռուսաստան։ Այս խնդրին խորհրդարանի ամբիոնից մեկ անգամ ևս անդրադառնում է ՔՊ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը․

«Հիմա սա մրցակցությա՞ն հարց է, թե՞ մրցակցության հարց չէ։ Եթե մենք դիտարկում ենք, որ դա Վրաստանի հանրապետության հարցն է, մենք այդտեղ սխալվելու ենք։ Մենք պետք է պաշտպանենք մրցակցությունը։ Մենք դա պետք է անենք ի սկզբանե՝ սահմանի այդ կողմում»։

Հայ արտադրողները պնդում են, որ տնտեսվարողների մի մասը կարողանում է ելք գտնել ու զարտուղի ճանապարհով ապրանքը ռուսական շուկա հասցնել, իսկ իրենք դեռ սպասում են։ Էկոնոմիկայի նախարարը խոստացել է հարցը քննարկել գործընկերների հետ։

Գևորգ Պապոյանն արձանագրում է․ «Պետք է արձանագրենք, որ խնդիրը լուծված չէ։ Խնդրի լուծում նշանակում է, որ պետք է պատճառը հասկանանք։ Պատճառները մեզ համար անհասկանալի են։ Փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել»։

Պատգամավոր Բագրատյանը կարծում է, որ սա մրցակցային խնդիր է։ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հիշեցնում է՝ 2018–ին հասարակության գլխավոր ակնկալիքը մրցակցային իրավիճակի բարելավումն էր, արհեստական խոչընդոտների վերացումը։ Ըստ Թունյանի՝ խնդիրները որոշ չափով լուծվել են, բայց մի մասը դեռ պահպանվում է։ 

«Եթե, օրինակ, մեզ ասվում է, որ որևէ շուկայում կա երկու խաղացող, այժմ դրանք չորսն են, դա չի նշանակում, որ շուկայում վիճակը լավացել է։ Գուցե այն մեկը ունի այնքան մեծ կշիռ, որ շուկայում ավելի մեծ կենտրոնացվածություն ունենք»,- ասում է պատգամավորը;

Խորհրդարանում մրցակցային շուկաներին անդրադարձ կատարվեց, քանի որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շարունակում էր ներկայացնել 2024-ի տարեկան հաշվետվությունը։ Նրա խոսքով՝ բենզինի շուկան կարգավորելու համար ՄՊՀ-ն ֆինանսների նախարարություն կոնկրետ առաջարկ է ներկայացրել։

«Բենզինի վաճառքն այս շուկայում պետք է տեղի ունենա թղթային ձևակերպումներով, որպեսզի տեղափոխման ժամանակ վերահսկողություն լինի։ Մեր պատկերացմամբ, բենզինը տեղափոխվում է որոշակի շուկա։ Այդ ընթացքում տարբեր այլ նյութեր են մեջը խառնվում, որի արդյունքում ունենում ենք ոչ մրցակցային շուկա»։

Հանձնաժողովը նախատեսում է որոշ նյութերի վրա մաքսատուրք սահմանել, որպեսզի հնարավորություն չլինի դրանք ՀՀ-ում ազատ իրացնելու։