Մարդիկ Հայաստանում հիմա 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան` 2018-ին. Նիկոլ Փաշինյան

2024 թվականի նոյեմբերին ՀՀ բոլոր ժամանակների գրանցված և աշխատանքով ապահովված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ է սահմանվել՝ գրանցվել է 782, 832 աշխատատեղ: Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն, 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 242,119 աշխատատեղ՝ ընդ որում աշխատավարձով ապահովված: Շատ հաճախ լինում է հոռետեսություն վիճակագրությունների հետ կապված, բայց այս վիճակագրությունն ավելի քան վստահելի է:
2018 թվականի ապրիլին ՀՀ-ում միջին աշխատավարձը եղել է 173, 996 դրամ, 2025 թվականի ապրլին՝ 304, 992 դրամ: Միջին աշխատավարձի աճը կազմել է  130 հազար դրամ կամ 70 տոկոս»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ նույն ժամանակահատվածում կուտակային գնաճը կազմել է 25 տոկոս: «Սա թերևս մեզ կարող է օգնել պատասխանել հարցին՝ մարդիկ այսօր ավելի լա՞վ են ապրում, թե 2018-ին էին ապրում: Այս թիվը վկայությունն է այն բանի, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: Այսինքն իրենց ապրածի կեսի չափով ավելի լավ են ապրում, ինչը սակայն չի նշանակում, որ մարդիկ Հայաստանում գոհ են իրենց կյանքից»,- ասաց նա: