factor. ՌԴ-ին անհանգստացնում է ՀՀ-ից ծաղկի արտահանման կտրուկ աճը․ արտահանման հնարավոր արգելքը ՍԱՏՄ-ն կքննարկի ռուսական կողմի հետ
Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ժամեր առաջ է ստացել «Ռոսսելխոզնադզոր»-ի նամակը, որում ռուսական կողմը հայտնում է, որ հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես արգելել ՀՀ-ից ծաղկի ներմուծումը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը:
Նրա փոխանցմամբ՝ ռուսական կողմին անհանգստացնում է ՀՀ-ից դեպի ՌԴ ծաղիկների արտահանման կտրուկ աճը։ «Ռոսսելխոզնադզորի» հայաստանյան գործընկներին հասցեագրված նամակում նաև նշվում է, որ երրորդ երկրներից Հայաստան ծաղիկ է ներմուծվում, որոնք հայկական սերտիֆիկատներով արտահանվում են Ռուսաստան։
«Երրորրդ երկրից մեր հանրապետություն ներմուծվող և այստեղից դեպի ՌԴ արտահանվող ծաղիկ չկա։ Այստեղից արտահանվում է միայն մեր տեղական արտադրանքը։ Այո, երրորդ երկրներից ՀՀ ծաղիկ ներմուծվում է, բայց շատ քիչ ծավալով և ներքին սպառման համար»,- պնդեց ՍԱՏՄ ներկայացուցիչը։
ՍԱՏՄ իրազեկման, խորհդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը նաև հայտնեց, որ այս պահին հարցն ուսումնասիրվում է, որը կքննարկվի ռուսական կողմի հետ և ըստ այդմ գործողություններ կձեռնարկվեն։
«Ինտերֆաքս»-ը գրել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» կարող է հունիսի 16-ից արգելել ծաղիկների ներմուծումը երրորդ երկրներից Հայաստանով դրանցում «կարանտինային օբյեկտների» հայտնաբերման աճի պատճառով։
Ամբողջական հոդվածը`factor.am