Կողբում կկառուցվի բազմաֆունկցիոնալ մարզասրահ

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հունիսի 4-ին տեղի է ունեցավ մտադրությունների մասին հուշագրի պաշտոնական ստորագրման հանդիսավոր արարողություն՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի, ««Գանձոր» Տեղական ակտիվ խումբ» (ՏԱԽ) տարածքային զարգացման ՀԿ նախագահ, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի և «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի տնօրեն  Մարիա Պետրոսյանի մասնակցությամբ։ Հուշագիրը բոլոր կողմերի արդյունավետ ջանքերի և ներդրման միջոցով  հիմք է դնում Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում ժամանակակից, նոր սերնդի, բազմաֆունկցիոնալ մարզասրահի ստեղծման ծրագրի իրականացմանը։

Միջոցառմանը մասնակցել են և ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Աննա Իվանյանը, «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Գանձոր» ՏԱԽ ՀԿ նախագահ Արսեն Աղաբաբյանը, այլ բարձրաստիճան հյուրեր և ներկաներ։ 

Նաթիա Նացվլիշվիլին նշել է. «Այսօրվա միջոցառումը կարևոր փուլ է մեր համատեղ աշխատանքում՝ «Գանձոր» ՏԱԽ-ի միջոցով խթանելու համայնքային առաջնորդությամբ զարգացումը և ուժեղացնելու «Գանձոր» ՏԱԽ-ի տարածքի տեղական կարողությունները։ Այս նախաձեռնության շրջանակում Կողբում գտնվող շինությունը կվերափոխվի Նոր սերնդի բազմաֆունկցիոնալ և առողջ ապրելակերպի կենտրոնի՝ խթանելու համար ֆիզիկական ակտիվությունը և առողջ կենսակերպը՝ հատկապես երիտասարդների և կանանց շրջանում։ Կմշակվեն  հատուկ ծրագրեր խոցելի խմբերի համար, ներառյալ՝ կանանց, երիտասարդների և սոցիալապես անապահով անձանց։ Կենտրոնը կտրամադրի մատչելի սակագներ, վաուչերներ և թիրախային իրազեկման նախաձեռնություններ՝ ապահովելու համար հավասար հասանելիություն բոլորի համար։ Կարևոր է, որ համալիրի շահառու կդառնան ոչ միայն Կողբի, Նոյեմբերյանի և Բերդավանի բնակիչները, այլ նաև մոտակա «Թումո» կենտրոն հաճախող երեխաները։

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մերի Գալստյանը հավաստիացրել է, որ Հայաստանում մենք ականատես ենք LEADER մոտեցման հաջող տեղայնացմանը՝ Տեղական ակտիվ խմբերի ակտիվ ներգրավվածությամբ, և համայնքային զարգացմանն ուղղված թիրախային ծրագրերի արդյունավետ իրականացմանը, որում նա համոզվել է օրեր առաջ կատարված այցելության ընթացքում։

Արման Բարսեղյանը նշել է, որ շատ է կարևորում գործընկերային համագործակցությունը, այդ համագործակցությամբ ձեռք բերվող մշակույթի փոփոխությունը և դրա ազդեցությունը համայնքի աճի ու զարգացման վրա։