ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Գողթանիկի բնակիչների հետ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի գլխավորած աշխատանքային խումբը այցելել է Եղեգիս համայնքի Գողթանիկ բնակավայր:
Արդեն ավանդական դարձած ձևաչափի համաձայն՝ մարզպետը նախ այցելել է մի քանի բնակիչների բակ, զրուցել նրանց հետ զբաղվածության, առօրյա խնդիրների մասին: Բնակիչները նշել են , որ զբաղվում են հիմնականում գյուղատնտեսությամբ:Մարզպետը կարևորել է հատկապես գյուղատնտեսական ոլորտի նորամուծությունների, պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ բնակիչների տեղեկացվածությունը, ինչը կարող է նպաստել նրանց աշխատանքի արդյունավետության և որակի ապահովմանը:
Բնակիչների հետ արդեն ընդլայնված հանդիպման ժամանակ ևս մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորել է բնակիչների հետ ազատ և անկաշկանդ շփումները, նրանց խնդիրներին և մտահոգություններին տեղում ծանոթանալու հանգամանքը, այնուհետև ներկայացրել է տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունները, պետական աջակցության ծրագրերը, կատարված և ընթացող աշխատանքները:
Այնուհետև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուներն անդրադարձել են ոլորտային մի շարք հարցերի՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացում, քաղաքաշինական գործընթացների կազմակերպում, գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին դիմելու ընթացակարգեր և ապահովագրության ենթակա ուղղություններ, առողջապահական և սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներ և ծրագրեր, բնակիչների ներգրավվածության ընդլայնում համայնքային գործընթացներում և այլն:
Քննարկումներում կարևորվել է բնակավայրի՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտների զարգացման համար բնակլիմայական նպաստավոր պայմանների առկայությունը:
Հանդիպման ընթացքում բնակիչները հարցեր են ուղղել պատկան մարմիններին, որոնք վերաբերել են բնակավայրի որոշ հատվածներում ոռոգման և խմելու ջրի խնդիրներին, ներբնակավայրային, միջբնակավայրային ճանապարհների վիճակին, Գողթանիկ կանոնավոր տրանսպորտի բացակայությանը, գյուղմթերքի իրացմանը և այլն:
Մի շարք հարցերի տրվել են պատասխաններ, որոշ հարցեր արձանագրվել են հետագա դիտարկման և հնարավորինս լուծման ընթացք տալու համար: