ԱԷՄԳ-ն պատրաստ է ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև միջնորդ դառնալ միջուկային վառելիքի օգտագործման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային վառելիքի անվտանգ օգտագործման հարցում: Ինչպես տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին Կալինինգրադում անցկացված խորհրդակցություններից հետո։
«ԱԷՄԳ-ն կարող է որպես միջնորդ իր դերը խաղալ, մենք պատրաստ ենք նման դերի այն դեպքում, եթե երկու կողմերն էլ համաձայնության գան ամենաբարդ հարցերում համագործակցության շուրջ, այդ թվում՝ ամերիկյան վառելիքի օգտագործման հարցում (Զապորոժիեի ԱԷԿ-ում)», - ասել է Ռաֆայել Գրոսին Կալինինգրադում «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի հետ կայացած հանդիպման արդյունքների շուրջ անցկացված ճեպազրույցում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ բանակցություններից հետո կողմերը համատեղ հայտարարություն են տարածել, ըստ որի՝ հանդիպման մասնակիցները քննարկել են կայանում ԱԷՄԳ-ի փորձագետների կանոնավոր ռոտացիաներին վերաբերող հարցեր:
Ռուսական կողմն ընդգծել է, որ ռոտացիաների իրականացման ժամանակ առաջնահերթություն է գործակալության աշխատակիցների և ներգրավված գերատեսչությունների ներկայացուցիչների անվտանգության ապահովումը: Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծումները և դրա անվտանգության ապահովման հարցերը։ Նրանք պայմանավորվել են շարունակել շփումները։