Լոռու մարզում նոր հյուրանոց է բացվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին Լոռու մարզում մասնակցել է «Mounthree» հյուրանոցի պաշտոնական բացման արարողությանը։
 Հյուրանոցի համասեփականատերերի ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է հյուրանոցով, ծանոթացել կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Նախարարը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և կարևորել Հայաստանում նոր հյուրանոցների կառուցման նախաձեռնությունները, որոնք զբոսաշրջիկներին կմատուցեն բարձրակարգ ծառայություններ և հարմարավետ պայմաններ:
«Mounthree» հյուրանոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի հունիսին։ Այս ընթացքում իրականացվել է շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում ձևավորվել է կայուն հիմք մարզի զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացման համար։ Ստեղծվել է մոտ 50 նոր աշխատատեղ։
Հետագայում նախատեսվում է ընդլայնել ենթակառուցվածքները՝ ստեղծելով ճոպանուղի, լայն հնարավորություններ ձմեռային հանգստի համար, ինչը թույլ կտա մեղմել Լոռու մարզում զբոսաշրջության սեզոնայնությունը։
 «ՀՀ կառավարությունը խրախուսում է նման ներդրումների իրականացումը, որը բարձրացնում է ծառայությունների որակը, ստեղծում նոր աշխատատեղեր և խթանում համայնքների ակտիվ մասնակցությունը զբոսաշրջային կյանքում», - իր ողջույնի խոսքում նշել է նախարարը։
 Սենյակային 32 համարներից բացի, հյուրանոցում առկա են 3 շալեներ, ռեստորաններ, բարեր, փակ լողավազան, սպա կենտրոն, կոնֆերանս դահլիճ, մարզասրահ, այլ ժամանակակից ենթակառուցվածքներ։
Շրջայցի ընթացքում նախարարին ուղեկցել են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը, ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետի ժ/պ Հովհաննես Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավարը Սուրեն Կոստանդյանը։