Նոր ծրագիր՝ մեղվաբուծության ոլորտում
Շուտով հնարավոր է Հայաստանում մեղվափեթակները հաշվառվեն համայնքների տնտեսությունների գրքերում: Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է «Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը» լավարկել:
Ներկայացրած նախագծի համաձայն՝ շահառուն և մեղվափեթակներ վաճառողը պետք է ունենա անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կարգավիճակ, մինչդեռ վերջիններս գործարքի պահին չունեն «գործող» կարգավիճակ, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել այդ դրույթը։ Ծրագրում սահմանված է միայն մեղվափեթակում առկա շրջանակների թիվը, սակայն կենսունակ մեղվաընտանիք ձեռք բերելու համար անհրաժեշտ է սահմանել նաև դրանց բնութագրերը՝ երկկողմանի մեղվապատված, ձվադրած, թրթուրապատ կամ հարսնյակապատ, մայր մեղվի տարիք:
Մեղվաբույծների միության նախագահ Արմեն Նազարյանի դիտարկմամբ՝ նախարարությունը կոսմետիկ նախագիծ է ներկայացրել, որն, ըստ նրա, գետնի վրա մեղվաբույծին ոչինչ չի տալու:
«Նախ մայր մեղվի տարիքը ոչ մի մեղվաբույծ չգիտի: Երկրորդ՝ ինձ համար անհայտ է, թե դա ինչ օգուտ է տալու մեղվաբուծության ոլորտին: Մեզ համար անհասկանլի է, թե այս ծրագրով ինչ են ուզում ասել»,-Ագրոպրեսի հետ զրույցում հարց բարձրացրեց մեղվաբույծը:
Նրա կարծիքով՝ մեղվափեթակների հաշվառումը լավ բան է, միայն թե պետք է հաշվարկը ստույգ անել, ինչն այդքան էլ հեշտ գործ չէ: Մեղվաբույծների միության նախագահի խոսքով՝ դեռ խորհրդային միության տարիներին մեղավափեթակները հաշվառվում էին:
Մեղվաբույծները հիասթափվել են
Անցած տարվանից հանրապետության բոլոր մարզերում իրականացվում է մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը: Պետական աջակցությամբ փոխհատուցվում է շահառուների կողմից ձեռք բերված մեղվաընտանիքների արժեքի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 40000 դրամը։
Փոխհատուցման եղանակով մարզերի բնակիչներին հնարավորություն է տրվել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10 000 մեղվաընտանիք։ իսկ մեկ մեղվաընտանիքի՝ մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով արժեքը կազմում է 80000 դրամ։
Ծրագրի յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել նվազագույնը՝ 10 և առավելագույնը՝ 50 մեղվաընտանիք (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով)։ Նոր պայմաններով մեղվաընտանիքներ կարող են գնել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ընդ որում՝ յուրաքանչյուր շահառու ծրագրից կարող է օգտվել միայն մեկ անգամ։ Մեղվաբուծության զարգացման ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 320 միլիոն դրամ:
Արմեն Նազարյանը թեև ստույգ թիվը չի հիշում, բայց մատնանշում է, որ միությունում շատերն են դիմել ծրագրից օգտվելու համար: Նա, սակայն, պնդում է, որ քիչ թվով մեղվաբույծների են փոխհատուցում տվել: Թե ինչու է քչերին հաջողվել պետական ծրագրից օգտվել, մեղվաբույծների միության նախագահն ասում է՝ պատճառը հայտնի չէ:
Նազարյանն անհատ ձեռներեց է, բայց ծրագրին չի դիմել՝ տեսնելով գործընկների հիասթափությունը: Նա պատմեց, որ ցանկացել է մեղվաբուծական տնտեսությունը զարգացնելու համար դիմել պետական աջակցության ծրագրին, սակայն, իմանալով սահմանափակումների մասին այդպես էլ շահառու դառնալու հայտ չի ներկայացրել:
Իջևանում մեղվաբուծությամբ զբաղվող Արթուր Խաչատրյանն էլ կարծում է, որ մեղվաբուծությունը զարգացնելու համար պետությունն ավելի լավ է անտոկոս վարկեր տա, ինչը մի քանի տարի առաջ արել է:
«Կառավարությունը մեզ կարող է աջակցել միայն անտոկոս վարկերով: Մի շրջան տվեցին: Բավականին մեղվաբույծներ օգտվեցին այդ ծրագրից և առաջ գնացին՝ ավելացրեցին մեղվաընտանիքների քանակը: Այդ ժամանակաշրջանում կարելի է ասել՝ մեղվաբուծությունը վերելք ապրեց»,-ընդգծեց նա:
Չնայած մեղվաբույծներին Էկոնոմիկայի նախարարության նոր նախագիծը չի ոգևորել, բայց պատկան կառույցից վստահեցնում են՝ փոփոխությունների ընդունման արդյունքում շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերել առավել կենսունակ մեղվաընտանիքներ, կդյուրացվի փաստաթղթաշրջանառության գործընթացը, մեղվափեթակները կհաշվառվեն համայնքների տնտեսությունների գրքերում, դրա շնորհիվ մեղվափեթակների վերաբերյալ կհավաքագրվի առավել ստույգ տեղեկատվություն, ինչպես նաև կհստակեցվի մոնիթորինգի գործընթացը:
Կանխատեսումները լավատեսական են
Մեղվաբուծության ոլորտում Արմեն Նազարյանը մեկ այլ արձանագրում էլ է անում, որ այս տարի Ուզբեկստանից ավելի մատչելի գներով են մեղվափեթակներ ներմուծվել, նախորդ տարվա 50 հազարի փոխարեն մեղվապահները 30 հազարով են մեղվաընտանիքներ գնել:
Մեղվի բերքի կանխատեսումներն էլ դրական են. մեղվապահները շեշտում են, որ եղանակային պայմանները նպաստավոր են, մեղուն աշխատում է, ամենաքաղցրահամ բերքի պակաս էլ նախնական տվյալներով չի լինի:
Աղբյուրը՝ agropress.am