Վստահաբար գնալու ենք առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղիով. Ավանեսյան

Առողջության համապարփակ ապահովագրության մասով օրենսդրական փաթեթի շատ ինտենսիվ քննարկման ընթացքում ենք Կառավարության շրջանակում և ԱԺ մեր գործընկերների հետ: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով համակարգի ներդրման մասով քննարկումներին:

«Վստահաբար գնալու ենք (առողջության համապարփակ ապահովագրության) ներդրման ուղիով: Քննարկում ենք ճանապարհները և փուլայնության հետ կապված որոշակի հարցեր:

Այո՛, սա շատ մեծ բարեփոխում է, իր մեջ ներառում է բազմակոմպոնենտ հատվածներ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով համակարգի ներդրման ժամկետներին՝ Ավանեսյանը տեղեկացրեց, որ նախագիծն այնպես է շարադրվել, որ ընդունելուց հետո 6 ամսվա ընթացքում այն հնարավոր է գործարկել:

Նախարարը նաև հույս հայտնեց, որ Կառավարությունում ընթացող աշխատանքի շրջանակում քննարկումներն առաջիկայում կամփոփվեն, կարտահայտվեն դիրքորոշումները և ընդհանրական ձևով կներկայացվեն Ազգային ժողովի քննարկմանը: