ԱԷՄԳ–ն «ուշադիր հետևում է Իրանում տիրող ծայրահեղ մտահոգիչ իրավիճակին»

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) «ուշադիր հետևում է Իրանում տիրող ծայրահեղ մտահոգիչ իրավիճակին», - ասվում է գործակալության ուրբաթ օրվա հայտարարության մեջ։

«ԱԷՄԳ-ն ... կարող է հաստատել, որ Նաթանզի օբյեկտը թիրախներից մեկն է։ Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ՝ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ Մենք նաև կապի մեջ ենք երկրում գտնվող մեր տեսուչների հետ», - ասել է գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

IRNA-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի հարձակումից հետո Նաթանզի ուրանի հարստացման օբյեկտում պայթյուն է տեղի ունեցել։

Իրանական հեռուստատեսությունը ավելի ուշ հայտնել է, որ Նաթանզի միջուկային օբյեկտի վրա Իսրայելի հարձակումից հետո ճառագայթման արտահոսքի որևէ նշան չկա։