Առողջության համապարփակ ապահովագրության ներկա մոդելը չի ծառայելու նպատակին


ՀՀ Առողջապահության նախարարության առաջարկած առողջության համապարփակ ապահովագրության ներկա մոդելը չի ապահովելու սահմանված նպատակների իրականացումը, ինչի հետևանքով տուժելու է թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը և թե՛ մասնավոր հատվածը։ 

Հայաստանի ապահովագրողների միությունն անդամ ապահովագրական ընկերությունների հետ համատեղ իրականացրել է քննարկումներ Առողջապահության նախարարության կողմից ներկայացված՝ առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում առաջարկվող հիմնական և լրացուցիչ ծառայությունների ծավալների համադրման մեխանիզմի վերաբերյալ և միացյալ դիրքորոշումը գրավոր ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Հայաստանի ապահովագրողների միությունն ու անդամ ապահովագրական ընկերությունները կարծում են, որ ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության համակարգ կարող է ներդրվել, եթե առկա լինեն հետևյալ պարտադիր նախապայմանները․

1.    Առողջության ապահովագրության ներդրում բացառապես ապահովագրական ընկերությունների միջոցով (մասնավոր ընկերությունների կամ պետական ապահովագրական ընկերություն հիմնադրելու եղանակով), որոնց գործունեությունը կկարգավորվի և կվերահսկվի Կենտրոնական բանկի կողմից սահմանված իրավական դաշտի և նորմատիվային կանոնակարգման ներքո։

2.    Առողջության պարտադիր ապահովագրության բյուրոյի ստեղծում, որտեղ ներգրավված կլինեն համակարգի բոլոր շահագրգիռ կողմերը (Առողջապահության նախարարության անմիջական մասնակցությամբ, բժշկական կենտրոնների ներգրավվածությամբ, սպառողների շահերի պաշտպանների ներկայության ապահովմամբ) և որը կհանձնառի բուն ապահովագրական համակարգի մշակման և ներդրման աշխատանքները, մասնավորապես՝

•    Ապահովագրական ընկերությունների միջև ապահովագրված անձանց բաշխում, այդ թվում՝ ապահովագրավճարների բաշխում պետական բյուջեից դեպի ապահովագրական ընկերություններ։ Բաշխումը կիրականացվի պատահականության սկզբունքով՝  պետաշխատողների սոցիալական փաթեթի սկզբունքի նմանությամբ` նախապայմանով, որ նույն ընտանիքի բոլոր անդամները կսպասարկվեն նույն ապահովագրական ընկերությունում։
•    Յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը բաժին հասնող ապահովագրված անձանց քանակի սահմանում՝ ըստ նախապես սահմանված ֆինանսական ցուցանիշների։
•    ՏՏ ենթակառուցվածքի մշակում, ներդրում և կառավարում,
•    ակտուարական հաշվարկների իրականացում և ռիսկերի գնահատում, որոնց հիման վրա կսահմանվեն յուրաքանչյուր տարիքային և սոցիալական խմբի ապահովագրավճարները,
•    բժշկական ծառայությունների և ախտորոշումների ստանդարտացում, ներդրում և կիրառում ՀՀ առողջապահական համակարգում գործող բոլոր շահառու մարմիններում (Առողջության նախարարության հետ համատեղ)։
•    գործընթացային կանոնների և կանոնակարգերի մշակում և ներդրում,
•    անկախ փորձաքննության և վեճերի լուծման համակարգերի ներդրում Առողջապահության հաշտարարի անկախ մարմնի ստեղծմամբ,
•    վիճակագրության գնահատում և հրապարակում։

3.    Առողջապահության ոլորտում միջազգային ստանդարտների և ՏՏ ենթակառուցվածքի ամբողջական ներդրում և կիրառում բուժհաստատությունների կողմից։ Ապահովագրության համակարգը պետք է ներառի պարզ և հստակ ձևակերպված միջազգային կանոնակարգեր/չափորոշիչներ (պրոտոկոլներ)՝ տարբեր բժշկական ծառայությունների համար: Այս կանոնակարգերը, ինչպես նաև ՏՏ ենթակառուցվածքը պետք է մշակված և հաստատված լինեն նախքան ծրագրի ներդրումը, այլ ոչ թե ծրագրի ներդրումից հետո։

Հայաստանի ապահովագրողների միությունը շեշտում է՝ ներկայում առողջության ապահովագրությունն ապահովագրական ընկերությունների պորտֆելում առաջատար ապահովագրատեսակներից է, ուստի առաջարկվող մոդելի  ներդրման հետևանքով էական վնաս կհասցվի ապահովագրական համակարգին։ Մինչդեռ ապահովագրական ընկերությունների ներգրավմամբ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը էականորեն կնպաստի տնտեսությունում կատարվող ներդրումների աճին՝ մասնավորապես սահմանելով ապահովագրական ընկերությունների համար նվազագույն կապիտալի ավելի բարձր պահանջ։

Հայաստանի ապահովագրողների միությունը նաև ժամանակավրեպ է համարում Առողջապահության նախարարության կողմից «Հիվանդությունների վարման գործելակարգերի առողջապահական տվյալների արագ փոխանակման (թվայնացման) ծրագրային ապահովման մշակման ծառայությունների ձեռքբերման» մրցույթի կազմակերպումը, քանի որ առողջության համապարփակ ապահովագրության մոդելը դեռևս գտնվում է քննարկման փուլում։

Հայաստանի ապահովագրողների միությունն ու անդամ ապահովագրական ընկերությունները պատրաստակամություն են հայտնում՝ մասնակցելու վերոնշյալ սկզբունքների կիրառմամբ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի մշակմանը, որի ներդրումը թույլ կտա հավասարակշռել վերը նշված բոլոր կողմերի շահերը։

Հայաստանի ապահովագրողների միություն