«Դիմակայուն Սյունիք» ծրագիրը կֆինանսավորի Եվրոպական ներդրումային բանկը. ֆինանսների նախարար
Հայաստանն առաջիկայում Եվրոպական ներդրումային բանկի հետ կստորագրի «Դիմակայուն Սյունիք» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը:
«Դրանով Սյունիքի մարզում կկառուցվեն ջրագծեր, հիվանդանոցներ, դպրոցներ։ Ջրային ոլորտի ծրագիրը, կարծում եմ, ամենաէականներից մեկն է, որի հաջողության հետ մեծ հույսեր ենք կապում»,– այսօր ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, դպրոցաշինության զարգացման ոլորտի ծրագրի ֆինանսավորման հարցով ՀՀ կառավարությունը շարունակում է բանակցությունները Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հետ։
Այսօր ՀԲ–ը հաստատել է և ՀՀ ջրային ոլորտի բարեփոխումների ծրագիրը, առաջիկայում էլ, ամենայն հավանականությամբ, կհաստատի նաև տուրիզմի ոլորտում ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
ՀՀ–ն բանակցում է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ նաև ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրի ֆինանսավորման հարցով.հնարավոր է այս հարցով ևս առաջիկայում փաստաթուղթ ստորագրվի։
«Բնակապահովման ծրագրի ֆինանսավորման չափը կախված է դիմելիությունից։ Երբ մենք իրականացնում ենք այդ ծախսերը միջազգային ֆինանսական կառույցների միջոցով, մենք վերցնում ենք այնքան պարտք, ինչքան որ փաստացի ծախսվում է։ Եթե մենք մեր բյուջեի միջոցներով ենք դա իրականացնում, մենք պլանավորում ենք դեֆիցիտը, պլանավորում ենք, թե ինչքան գումար կծախսվի այդ ուղղությամբ, և եթե հանկարծ ինչ–որ բան ավել կամ պակաս է լինում, ունենում ենք որոշակի շեղումներ։ Այդ շեղումները նշանակում են լրացուցիչ ծախսեր։ Որպեսզի մեր ծախսերը լինեն օպտիմալ, շատ չվերցնենք՝ քիչ ծախսենք, մենք այս կարգի ծրագրերը փորձում են իրականացնել միջազգային կառույցների ֆինանսավորմամբ, որպեսզի ճկունություն ունենանք դիմելիության, ծախսերի մակարդակի հետ կապված»,– պարզաբանեց ֆինանսների նախարարը։