Խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին ունենք ՀՀ քաղաքացիների միանշանակ և աներկբա աջակցությունը. Փաշինյան

Մենք ասել ենք, որ հավատարիմ ենք մնալու խաղաղության օրակարգին, և մենք շարունակում ենք խորհրդակցությունները, բանակցությունները Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների շուրջ և փորձում ենք ստեղծել այն միջավայրը և պայմանները, որ դա հնարավոր լինի: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով խաղաղության օրակարգի մասին:

Նրա խոսքով՝ երբ ընտրել են այդ ռազմավարությունը, այն ունի մի առանձնահատկություն՝ հետևողական, քայլ-քայլ պետք է գնալ այդ ճանապարհով:

Վարչապետի խոսքով՝ ինքը վերջին շրջանում ավելի ինտենսիվ է շփվում քաղաքացիների հետ և կարող է միանշանակ ընդգծել, որ խաղաղության օրակարգի իրացման ճանապարհին իրենք ունեն ՀՀ քաղաքացիների միանշանակ և աներկբա աջակցությունը:

«Այո՛, Հայաստանի Հանրապետության շուրջ կան սպառնալիքներ: Այդ սպառնալիքները եղել են միշտ, բայց նորությունն այն է, որ ՀՀ շուրջ և ՀՀ համար ստեղծվել են աննախադեպ հնարավորություններ, որոնք նախկինում երբևէ չեն եղել: Եվ, ընդ որում, նորություններից մեկն այն է, որ հիմա, իմ գնահատմամբ, Հայաստանի Հանրապետությունը սպառնալիքները կառավարելու և հնարավորություններն օգտագործելու ավելի մեծ կարողություններ և հնարավորություններ ունի»,- նշեց վարչապետը: