Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում տեղի է ունեցել «Նռանե» մսուր-մանկապարտեզի բացումը. Տեսանյութ
Հանդիսավորությամբ բացվել է Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը։ Միջոցառմանը ներկա են գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուներ, հյուրեր։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ողջունել և օրվա առթիվ շնորհավորել է ներկաներին, նշել, որ երկար սպասված առիթով են Շիրակում, իսկ նմանօրինակ միջոցառումներին մասնակցելն աշխատանքային օրվա լավագույն բաղադրիչ է համարել Շիրակի մարզպետը։
«Մենք այսօր հերթական մանկապարտեզը բացեցինք, հերթը Շիրակ բնակավայրինն է։ Կրթությունը միայն մանկավարժի կամ դաստիարակի տված գիտելիքը չէ, այլ այն միջավայրը, որտեղ երեխան սովորում է՝ սկսած շենքային պայմաններից, մինչև մթնոլորտ ու յուրաքանչյուր մանրուք։ Այս մանկապարտեզը ևս Կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում է կառուցվել։ Այժմ մեր մարզում 39 դպրոց է կառուցվում, վերակառուցվում։ 27 դպրոց հիմնանորոգվում, վերանորոգվում է, որից 15-ը Գյումրիում՝ շուրջ 4 մլրդ դրամի շրջանակներում, Շիրակի մարզում ևս 12 դպրոց հիմքից կառուցվում է։ Ծրագիրը շարունակական է լինելու, որպեսզի մեր երեխաները սովորեն բարեկարգ միջավայրում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, որն իրականացվել է 2 փուլով, գումարի 60 տոկոսը Կառավարությունն է հատկացրել, 40-ը՝ համայնքը։ 2023-2024 թվականներին 25 մլն դրամի շրջանակներում իրականացվել են շենքի բարեկարգման, գազաֆիկացման աշխատանքները, Կառավարության ներդրումը կազմել է 70 տոկոս։ 490 քմ ընդհանուր մակերես ունեցող, 50 երեխա հզորությամբ մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար, այժմ ունի 30 սան։
Կառավարությունն առանձին 19 մլն 318 հազար դրամ գումար է հատկացրել մանկապարտեզը նորագույն սարքավորումներով, գույքով հագեցնելու համար։